Թալիբները գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Ղազնի քաղաքը

Մեկ շաբաթվա ընթացքում թալիբները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի տասը նահանգների վրա։  Օգոստոսի 12-ին նրանք գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Ղազնի քաղաքը, որը գտնվում է Քաբուլ-Քանդահար գլխավոր մայրուղու վրա։  Քաղաքային խորհրդի աղբյուրները հայտնում են, որ թալիբները գրավել են քաղաքի մեծ մասը, Աֆղանստանի անվտանգության ուժերը վերահսկում են միայն քաղաքի ծայրամասում գտնվող ոստիկանական բազան:

Կա մտավախություն, որ Ղազնիի նվաճումը մեծացնում է թալիբների կողմից Քաբուլի գրավման հավանականությունը։

Նոր նահանգների գրավումը տեղի է ունենում Աֆղանստանից ամերիկյան զորքերի աստիճանական դուրսբերման ֆոնին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Աֆղանստանում զոհվել է ավելի քան 1000 խաղաղ բնակիչ: Հազարավոր մարդիկ հյուսիսային շրջաններից անվտանգության նպատակով տեղահանվել են Քաբուլ: