Ինչպես կարելի է կանխատեսել այն, որ Ստեփանակերտում ջուր չի լինելու․ Թուրքագետ

«Թուրքական կողմի ձեռնարկումները՝ ջրի հոսքը նվազեցնելու ուղղությամբ միջազգային օրենքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտում են։ Թուրքական պետությունը ջուրը դարձնում է զենք իր քաղաքական ու ռազմական նպատակներին հասնելու համար՝ հաշվի չառնելով քաղաքացիների հումանիտար կարիքները»։

Այսպիսի հաղորդագրությամբ է այս տարվա մարտ ամսին հանդես եկել Եփրատի շրջանի իրավապաշտպան կազպակերպությունը Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական բնակավայրերը Թուրքիայի կողմից ջրազրկելու հերթական հանցագործությունից հետո։

Իսկ հիմա փոխենք «թուրքական» բառը՝ «ադրբեջանական»-ով, և հասկանալի կլինի, թե ինչու Ստեփանակերտն ու իր արվարձանները արդեն մի շաբաթ է՝ գրեթե ամբողջությամբ ջրազուրկ են։ Ադրբեջանն ամեն բան անելու է, որպեսզի վերջնական հայաթափի Արցախի մնացած հատվածը ու ոչ մի լավ ասֆալտապատ ճանապարհ, ճոխ բնակարան կամ էլ հերթական հիփսթերային միջոցառումը Ստեփանակերտում այդ գործընթացը չի կանգնեցի։ Միակ լուծումը՝ հայկական պետության վերականգնում է, բայց դա լուծվում է Երևանում։

Իսկ այս գրառումը պարզապես պատեհ առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ Հայաստանի ներկայիս կապիտուլիանտ վարչակարգի գոյության պարագայում մեր պետությունը աստիճանաբար վերածվելու է Սիրիայի՝ ավերված, սեփական սահմանները պաշտպանելու ոչ ունակ, սեփական տարածքում թշնամական բանակների անխափան ներկայությամբ, աստիճանաբար վերացող պետական համակարգով, տարրական իրավունքների (ջրից մինչև հացահատիկ) բացակայությամբ և այլն։ Համացանցը հնարավորություն տալիս է այդ ապագան ամենայն մանրամասնությամբ տեսնելու Սիրիայում։ Այլ խոսքով, վերաձևակերպելով հայտնի ասացվածքը՝ «Սիրիա եմ ասում, դու Հայաստան հասկացի» կամ սպասենք սիրիական ապագան շուտով ամբողջ Հայաստանի տարածքում։

 

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից։