Ադրբեջանը միջազգային կառույցներին սկսել է «համոզել», որ ՊԲ-ն պետք է դուրս բերվի Արցախից․ Զոհրաբյան

Ադրբեջանը միջազգային կառույցները կրկին ողողել է ստով ու ապատեղեկատվությամբ։ Այս մասին գրառում է կատարել «Անվտանգություն և ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ,նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ադրբեջանը միջազգային բոլոր կառույցներին սկսել է «համոզել», որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  Պաշտպանության բանակը պետք է դուրս բերվի Արցախից։ Նպատակը մեկն է՝ ամբողջապես հայաթափել   Արցախը։

Ուստի հստակ դիտավորությամբ վերջին օրերին ադրբեջանական զինուժն ակտիվացրել է իր սադրիչ գործողությունները թե՛ Հայաստանի զինված ուժերի, թե՛ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ՝ թիրախավորելով նաեւ խաղաղ  բնակավայրերը։

Ի դեպ, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ֆիքսված է, որ  կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն ադրբեջանական զինուժը «իր զբաղեցրած» դիրքերից վաղուց արդեն տեղափոխվել է ՀՀ սուվերեն տարածք ու Ալիեւ-Էրդողան դուետը այլեւս Զանգեզուր միջազգային ներդրողներ է հրավիրում։

Որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ, միջազգային կսռույցներին, ԵԽԽՎ քաղաքական խմբերին և Հայաստանի հարցով համազեկուցողներին տեղեկացրել եմ, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե նոյեմբերի

9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է հայկական զորամիավորումների դուրս բերում Արցախից՝ ակնհայտ  կեղծիք է։

Որ պահին Արցախի Պաշտպանության բանակը դուրս բերվեց՝ նույն պահից սկսվելու է  Արցախի  վերջնական հայաթափումը։

Հուսանք, որ հայաստանյան քաղաքական ուժերը, որոնց մի կտորը էս պահին զբաղված է՝ «Ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ» մաստեր-կլասներ ցուցադրելով եւ միմյանց «սագագող» անվանելու «լրջագույն» դիսկուրսով, սույն դիսկուրսի պաուզաներին կփորձեն զբաղվել Ադրբեջանի հերթական լկտի ուլտիմատումով. այն է՝ դուրս բերել Պաշտպանության Բանակը Արցախից»,-գրել է նա։