Պատվաստումները պարտադիր չեն և պարտադիր չեն կարող լինել. Նարեկ Զեյնալյան

Վերջին տասն օրվա կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում դիտվում է կորոնավիրուսի դեպքերի կայուն աճ, որը պայմանավորված է վիրուսի մուտացիայով` «Դելտա» շտամով, որի վարակելիության աստիճանը շատ ավելի բարձր է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանը

«Հաշվի առնելով դա՝ պատվաստումները պարտադիր չեն և պարտադիր չեն կարող լինել: Բայց և այնպես պետությունը կիրառում է որոշակի գործիքակազմ, որպեսզի բնակչությանը բերի պատվաստումների, որովհետև սա է միակ միջոցը համավարակի դեմ արդյունավետ պայքարի: Շատ եվրոպական երկրներում, ԱՊՀ երկրներում շատ ավելի խիստ մեթոդներ են կիրառվում՝ ընդհուպ մինչև հանրային վայրերի մուտքի արգելք, եթե անձը պատվաստված չէ»,- ասաց Զեյնալյանը:

Պատգամավորի խոսքով` Հայաստանում կիրառվում են տարբեր գործիքներ, հնարավորություն են տալիս բնակչությանը որպես այլընտրանք որոշակի ժամանակահատվածը մեկ անցնել թեստավորում, եթե անձը չի ցանկանում պատվաստվել:

«Այստեղ պարտադիր պատվաստման մասին խոսք լինել չի կարող: Եթե նույնիսկ դուք տեսնում եք ենթադրաբար մարդու իրավունքների որոշակի ոտնահարում, ապա նշեմ, որ հանրային առողջությունը շատ ավելի բարձր է, քան այդ ենթադրաբար մարդու իրավունքների ոտնահարումը: Եվ, այո, պետությունը պետք է շարունակի կիրառել որոշակի գործիքներ, որպեսզի բնակչությանը «ստիպի», բերի դեպի պատվաստումների, որպեսզի ունենանք առնվազն 50 տոկոս պատվաստվածություն բնակչության շրջանում, որպեսզի կարողանանք կառավարելի դարձնել համավարակի տարածումը»,- եզրափակեց Զեյնալյանը: