Այս վիրավորանքը հրեշավոր է. Ժիրինովսկին` ադրբեջանցի դիվանագետի վիրավորանքների մասին

Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը YouTube-ի «Սոլովյով Live» հաղորդման եթերում անդրադարձել է ադրբեջանցի նախկին դեսպան Իսֆանդիար Վահաբզադեի վիրավորական հայտարարություններին, որոնք վերջինս թույլ է տվել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու և ռուս ժողովրդի հասցեին:

Ավելի վաղ Ժիրինովսկին ռադիոկայաններից մեկի եթերում դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու հայտարարել, որ ոչ ոք նույնիսկ ծուռ նայելու իրավունք չունի Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահներին: Բացի այդ, քաղաքական գործիչը հիշեցրել էր Ադրբեջանի պատմության որոշ մանրամասներ, որոնք այդ երկրում կտրականապես հերքում են:

Ժիրինովսկու ասածները բացասական արձագանք են գտել Բաքվում, Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտայով է հանդես եկել։ Իսկ Վահաբզադեն տեսանյութ է ձայնագրել, որում վիրավորանքներ է հնչեցրել Ժիրինովսկու հասցեին՝ հարվածելով նաև ռուս ժողովրդին։

Սոլովյովը եթերում ցուցադրել է տեսանյութը՝ չթաքցնելով վրդովմունքը։ Հաղորդավարն անդրադարձել է դիվանագետի կենսագրությանը՝ եզրակացնելով, որ Վահաբզադեն «նեղացած» է Ադրբեջանի իշխանություններից, ուստի նպատակաուղղված ուզում է գժտեցնել ռուս և ադրբեջանցի ժողովուրդներին։ Սոլովյովը հավելել է, որ սպասում է Ադրբեջանի պաշտոնատար անձանց մեկնաբանություններին։

Ժիրինովսկին էլ, տեղեկանալով Վահաբզադեի արարքի մասին, հայտարարել է, որ այդ վիրավորանքն անպատիժ չի թողնի:

«Մենք կոշտ նամակ կուղարկենք Ադրբեջանի Հանրապետության ղեկավարին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Այս վիրավորանքը հրեշավոր է։ Լրիվ միջնադար է», – ասել է նա։