Այս անվտանգային մթնոլորտը ստեղծելու համար բյուջեից որքա՞ն գումար եք վճարել. Ստամբուլյանը՝ Պապոյանին

Պետական բյուջեից որքա՞ն գումար եք վճարել խորհրդարանում այս անվտանգային մթնոլորտը ստեղծելու համար։ Խորհրդարանում «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

Գևորգ Պապոյանը նշեց, որ պետական ինստիտուտների անվտանգությունը որքան էլ թանկ կամ էժան արժենա շատ կարևոր է, հատկապես այն դահլիճում, որտեղ տեղի է ունեցել հոկտեմբերի 27, որտեղ սպանվել է վարչապետ, ԱԺ նախագահ, պատգամավորներ։

«Կարծում եմ՝ դա նույնիսկ անգին է, հետևաբար չեմ էլ ուզում խորանալ այն փոքրիկ գումարի մեջ, որն ուղղվել է այս կարևոր ինստիտուտի անվտանգության բարձրացմանը»,-նշեց Գևորգ Պապոյանը։

Ընդդիմադիր պատգամավորը չհամաձայնեց Գևորգ Պապոյանի հետ և նշեց, որ իր համար յուրաքանչյուր 18 տարեկան զինվորի կյանքը շատ ավելի կարևոր է, քան իրենցը.

«Ցավում եմ, որ ձեզ 3 տարի ժամանակ էր հարկավոր, որ նոր այս անվտանգային միջոցները ձեռնարկեիք։ Փաստորեն դուք այն ժամանակ տեղյակ չեք եղել հոկտեմբերի 27-ի մասին»,-ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը։

Գևորգ Պապոյանն էլ նշեց, որ իրենց համար պետական ինստիտուտների և բանակի անվտանգությունը կարևոր է։

«Դա է պատճառը, որ օրինակ 2019թ.-ի պետբյուջեով 30 տոկոսով ավելացրեցինք բանակին հատկացվող գումարները։ Մենք պարզապես պոպուլիստական ելույթներ ու հայտարարություններ չենք անում, մենք պետբյուջե ենք ընդունում, որտեղ սևը սպիտակի վրա բանակին հատկացված գումարները 30 տոկոսով ավելացել են»,-ասաց Գևորգ Պապոյանը։