«Թալիբան»-ի առաջխաղացումը շարունակվում է. զինյալներն Աֆղանստանում 9-րդ վարչական կենտրոնն են գրավել

«Թալիբան» արմատական շարժման առաջխաղացումն Աֆղանստանում շարունակվում է. այժմ թալիբները հայտնում են, որ գրավել են Տաջիկստանի հետ սահմանակից Բադախշան նահանգի վարչական կենտրոն Ֆայզաբադը, գրում է Anadolu-ն:

Որպես ապացույց հրապարակվել են լուսանկարներ, որոնցում «Թալիբան»-ի զինյալները շրջում են փողոցներով, իսկ քաղաքի գլխավոր հրապարկում բարձրացված է շարժման դրոշը:

«Բադախշան նահանգն իր ամբողջ ունեցվածքով «նվաճված» է», – Twitter-ում գրել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահեդը:

Նշվում է, որ «Թալիբան»-ն այժմ գրավել է ինը նահանգի վարչական կենտրոն:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո: