Արմեն Գևորգյանն արձագանքել է իրեն բերման ենթարկելու դատարանի որոշմանը

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը արձագանքել է իրեն բերման ենթարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը:  Գևորգյանը ասաց, որ պարտադիր չէ իրեն բերման ենթարկեն, դատարանը կարող էր կապվել իր հետ, և ինքը հնարավորության դեպքում կներկայանար դատարան:

«Եթե իմ ներկայությունը ապահովելու անհրաժեշտությունը կար, ընդամենը դատարանը կարող էր ընդմիջում հայտարարել, կապվեր ինձ հետ ու խնդրեր ներկայանալ, քանի որ իմ բացակայությունը համարում է անհարգելի: Այդ պարագայում, հարգելով դատարանին, երևի այդ հնարավորությունը կունենայի գնալ»,- ասաց Գևորգյանը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Դանիբեկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը նիստին չի ներկայացել անհարգելի պատճառով, անհրաժեշտ է միջոցներ կիրառել հաջորդ նիստին Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար: Դատարանը որոշել է հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին: