Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից զրկվեց

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը զրկվեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վազգեն Թևանյանն առաջին գոտեմարտում պարտվել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականի անդամ Գաջիմուրադ Ռաշիդովին և հնարավորություն կստանար պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե Ռաշիդովը դուրս գար եզրափակիչ: Սակայն կիսաեզրափակիչում Ռաշիդովը պարտվեց Ճապոնիան ներկայացնող  Տակուտո Օտոգուրոյին: Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտից:

Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ: Այսպիսով, հայ մարզիկներն ավարտեցին իրենց ելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում, որոնք կավարտվեն օգոստոսի 8-ին: