Միասին կքննարկենք՝ ինչպես զարգացման ծրագրեր իրականացնել Արցախում․ Արտակ Բեգլարյան

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:  Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը։

Արտակ Բեգլարյանը պատասխանել է Արցախում գործող հասարակական, երիտասարդական կազմակերպությունների-միությունների, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներին հուզող հարցերին:

«Ինձ համար, որպես պետական պաշտոնյայի, շատ կարևոր է քաղաքացիական հասարակության դերը պետական ծրագրերում: Անձամբ կարող եմ ասել, որ պետական ծրագրերում քաղաքացիական հասարակության մասնակցության հարցում բավարար մակարդակի չենք հասել: Իհարկե համար մեկ պատասխանատուն կառավարությունն է: Կցանկանայի, որպեսզի շահագրգիռ քննարկում ունենանք, հասկանանք, թե ինչպես օգտագործենք և զարգացնենք եղած պոտենցիալը, որպեսզի կարողանանք քաղաքացիական հասարարակության հետ համատեղ ավելի արդյունավետ գործընթացներ իրականացնել», – ասաց Ա. Բեգլարյանը և հավելեց, որ առաջիկայում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, նախատեսում են Արցախում կազմակերպել քաղհասարակության համաժողով:

«Այդ համաժողովի շրջանակներում Արցախում կհավաքվեն մեր քաղհասարակության բոլոր ներկայացուցիչները և նաև հայաստանյան ու սփյուռքի հայկական կազմակերպությունները: Կներկայացնենք մեր առկա ծրագրերը, պլանները ու նաև միասին կքննարկենք, թե ինչպես կարող ենք տարբեր բնույթի, տարբեր ոլորտների զարգացման ծրագրեր իրականացնել Արցախում: Այն հարթակ է դառնալու նաև փորձի փոխանակման, կապերի ստեղծման համար, որպեսզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարողանան տարբեր կազմակերպությունների հետ համագործակցել, երկխոսություն ունենալ: Կարծում եմ սա լրացուցիչ խթան է լինելու, որպեսզի մեր քաղհասարակությունն ավելի արագ զարգանա ու լրացուցիչ ռեսուրսներ կարողանա ներգրավել», – նշեց պետական նախարարը: