Արամ Խաչատրյանի հուշարձանը՝ Նիժնի Նովգորոդում

Նիժնի Նովգորոդում կանգնեցվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը: Այս մասին հայտնում է Նիժնի Նովգորոդի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Կոմպոզիտորի հուշարձանը գտնվում է Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի մոտ: Բացման արարողությանը ներկա է եղել Նիժնի Նովգորոդի ղեկավար Յուրի Շալաբաևը։

Հուշարձանի քանդակագործը Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Միքայել Սողոյանն է:

Յուրի Շալաբաևը տեղեկացրել է, որ հուշարձանի հարակից տարածքի բարեկարգումը կավարտվի մոտ ժամանակներս. այստեղ պետք է ավելի շատ բուսականություն լինի, տեղադրվի լուսավորություն: Քաղաքի ղեկավարը նշել է, որ հուշարձանի շուրջ տարածությունը պետք է լցված լինի կյանքով, լինի թեմատիկ՝ կապված կոմպոզիտորի ստեղծագործության կամ երաժշտության հետ:

Նիժնի Նովգորոդի արվեստի դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Սվետլանա Իսաևան ասել է, որ Խաչատրյանի երաժշտությունը ոգեշնչման և անձնական մոտիվացիայի աղբյուր է շատ ստեղծագործողների համար: