Հայաստանն ապրում է իր պատմության ամենադժվար ժամանակները, չաջակցել հայ ժողովրդին նշանակում է դավաճանել նրան․ Զատուլին

Օրերս՝ օգոստոսի 4-5-ը, ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը այցելել էր Հայաստան։

Նա  այդ օրերին Երևանում հանդիպել է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպերկինին, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռովերտ Քոչարյանի, ԼՂ-ից իր ընկերների՝ մասնավորապես ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, ինչպես նաև ստուգել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղը (ղեկավար ՝ գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մարկարով)։

Այցից հետո  Զատուլինի գրասենյակը տարածել է հաղորագրություն,  համաձայն որի, Երևանում՝ հայ քաղաքական, հասարակական գործիչների հետ հանդիպման ժամանակ, նա քննարկել  է Ռուսաստանի դաշնակից երկրի՝ Հայաստանի զարգացման խնդիրները, հետպատերազմյան դժվարությունները կարգավորելու հարցեր։

Տեղեկացվում է, որ Զատուլինը օգոստոսի 5-ին եղել է Ազգային ժողովում, ուր կայացել է հանդիպում «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանի, «Վերածնվող Հայաստան»-ից Վահե Հակոբյանի հետ։

Ռուս պատգամավորը հանդիպել է նաև ԱԺ նորանշանակ նախագահ  Ալեն Սիմոնյանի հետ, նրան   մաղթել  հաջողություններ։

Ամփոփելով այցի արդյունքները՝  Կոստանտին Զատուլինը նշել է.

«Անցած տարվանից՝ պատերազմի ավարտից ի վեր ես առաջին անգամ եկա Հայաստան։ Ոչ միայն կարևոր էր տեղի ունեցածի վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմել, այլև զգալ հասարակ քաղաքացիների տրամադրությունները, որոնց հետ ես շփվեցի մայրաքաղաքի հրապարակներում, փողոցներում։ Երևանը, ինչպես միշտ, գեղեցիկ է, իսկ հայ ժողովուրդը՝ հյուրընկալ։ Բայց մենք Ռուսաստանում պետք է իմանանք, որ անցած տարի տեղի ունեցած ողբերգության հետևանքները թակում են յուրաքանչյուրի սիրտը, ժողովրդի ու երկրի ճակատագրի նկատմամբ այդ մտահոգությունը համատարած է: Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ. Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության ամենադժվար ժամանակները: Նման պահին հայ ժողովրդին չաջակցելը նշանակում է, որ Ռուսաստանը դավաճանի իրեն: Վստահ եմ, որ դա լավ են հասկանում Ռուսաստանի Դաշնության նախագահն ու կառավարությունը, Պետդումայի պատգամավորները, մեր զինվորականներն ու դիվանագետները»։