3 մլն դոլարի դրամաշնորհ ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Կառավարությունը հավանություն տվեց Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 3 մլն դոլարի դրամաշնորհ, որն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսային հիվանդության ալիքաձև աճը: Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու և հիվանդներին պատշաճ օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է անընդհատ համակարգն արդիականացնել:

Այս դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնների երկու մարզային կենտրոնների՝ Արարատի ու Արմավիրի, մասնաճյուղերի ամբողջական վերազինում և Վանաձորի ԲԿ-ին կից ինֆեկցիոն նոր մասնաշենքի կառուցում ու համալրում: Սա շատ կարևոր նախաձեռնություն է: Սրա շրջանակներում կունենանք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնների ազգային ցանց», -հավելեց նախարարը: