Արցախի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի արտգործնախարարի հետ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել  Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևի հետ։

Նախարարները քննարկել են երկու երկրների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին առնչվող  հարցեր։

Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։