ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկում է սահմանել, որ նորընտիր Ազգային ժողովն ունենա 12 մշտական հանձնաժողով, և առաջարկում են նաև ստեղծել նոր՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:

Հիմնավորման մեջ նշվում է. «Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների վերականգնման ու անվտանգության ապահովման լայնածավալ ծրագրերի մշակման ու իրագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության լրամշակում, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ սերտ համագործակցություն: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջեւ սահմանազատումների իրականացում միջազգային նորմերի ու պրակտիկայի կիրառմամբ:

Այդ նպատակով անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, առաջին հերթին՝ ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ձևավորում»:

Հետաքրքիր է, որ համանման մի նախագիծ է ներկայացրել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և առաջարկում է կրկին ստեղծել նոր հանձնաժողով, սակայն այլ ոլորտի: Նրանց նախագծի համաձայն՝ նոր խորհրդարանը կունենա 12 հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները ձևավորվում են յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործող Առողջապահության և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Բայց ՔՊ-ը դա արել է, որպեսզի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ևս ԱԺ-ում պաշտոն ունենա:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Եվ, ահա, ՔՊ-ի ներկայացված նախագծում նշվում է՝ հաշվի առնելով, որ ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 29 անդամ, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 անդամ, նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, և այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Ազգային ժողովի յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա մեկ տեղ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում