Թուրքիան պետք է պատրաստվի նոր՝ ավելի աղետալի իրադարձությունների

Գրեթե ամբողջ Թուրքիան հայտնվել է հրդեհի ճարակում: Թուրքերին, ինչպես միշտ, «օգնեցին» արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուժերը Իրանից, Ռուսաստանից, «կովկասի-թաթարստանից» և այլն: Մինչ այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, ներկայացվում էր որպես «անտառային հրդեհներ», իրավիճակի նկատմամբ հատուկ ուշադրություն չէր կարող ցուցաբերվել: Հետաքրքիր չէր: Բայց հրդեհները, իհարկե, զարմանալիորեն «սինխրոն» էին, կան մարդկային զոհեր, շատ լուրջ վնասներ են հասցվել տնտեսությանը, հատկապես՝ զբոսաշրջության ոլորտին, որը Թուրքիայի բյուջեի եկամտի հիմնական աղբյուրն է: Եվ ահա՝ հանկարծ ինչ-որ «Կրակի զավակներ» նախկինում քիչ հայտնի խումբը օգոստոսի 1-ին հայտարարեց, որ ստանձնում է հրդեհների պատասխանատվությունը: Հասկանալի է, որ թուրքական ԶԼՄ-ներում այս խմբին անմիջապես անվանեցին ահաբեկիչներ` կապված Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ:

Իբր թե, «Կրակի զավակները» հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ այս կազմակերպության անդամները անտառները հրկիզել են, «քանի որ թուրքական ռեժիմը այլ լեզու չի հասկանում, ուստի ժամանակն է այն կրակով ծնկի բերել»:  Զարմանալի է, որ թուրք պաշտոնյաները այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ չտվեցին ո՛չ օգոստոսի 1-ին, ո՛չ էլ՝ 2-ին: Թուրքերն այժմ զարմանալիորեն նրբանկատ են. բոլորը շատ զգույշ են իրենց հայտարարություններում: Ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ հրկիզման վերաբերյալ եզրակացություններ անելը դեռ վաղ է: Միևնույն ժամանակ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնեց, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին, որը կարող է ներգրավված լինել ենթադրյալ դիվերսիայի մեջ: «Միլասում բռնկված հրդեհի գործով մեկ մարդ է բերման ենթարկվել: Մեր պարտքն է գտնել նրանց, ովքեր այրում են մեր անտառները», – ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Մարմարիս հանգստավայրում: «Հուրիեթ» թերթը գրում է, որ այն, ինչ կատարվում է երկրի որոշ առողջարանային շրջաններում, համեմատելի է Հիրոսիմայի ռմբակոծության հետևանքների հետ: Ըստ պաշտոնական տվյալների վերահկողության տակ է առնվել  հրդեհի 146 օջախ: Եվս 3 նահանգներում շարունակվում են հրդեհի 8 օջախներում հրդեհաշիջման աշխատանքները. իրավիճակը Անթալիայի և Մուղլայի նահանգներում մեծ ջանքեր էր պահանջում: Տեղայնացվել է ավելի քան հարյուր օջախ:

Մինչդեռ արևմտյան լրագրողների հետ զրույցում PKK-ի քաղաքական ներկայացուցիչները շտապեցին հրդեհների հետ իրենց կապ չունենալու մասին հայտարարել՝ շեշտելով, որ ներկայիս իրավիճակի համար քրդերին մեղադրելը պաշտոնական Անկարային քաղաքականապես ձեռնտու է: Քրդերը իշխանություններին հրավիրեցին ներդրումներ կատարել բնական աղետների դեմ պայքարող տեխնոլոգիայի զարգացման մեջ, ոչ թե ռմբակոծիչների ձեռքբերման: Բայց փաստն այն է, որ կլիմայական դիվերսիան, ինչպես իրավիճակը գնահատում են թուրք փորձագետներից շատերը, ուժեղ հարված է տնտեսության և, հետևաբար, Թուրքիայում սոցիալ-տնտեսական հավասարակշռության համար: Մարաշի (Թուրքիա) Սյուտչու Իմամ համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Թոգրուլ Իսմայիլն ասաց, թե պատահական չէ, որ հրդեհները մոտեցել են զբոսաշրջության վայրերին և ընդգրկել նման տպավորիչ տարածք. սա ցույց է տալիս այն վարկածը, որ հրկիզողների աշխատանքի հետ գործ ունենք. «Իհարկե, իշխանությունները շարունակում են զուսպ խոսել այս մասին և մանրազնին հետաքննություն են անցկացնում, որպեսզի սադրանքներ չլինեն: Բայց ո՞րն է հրկիզողների նպատակը: Հարված հասցնել Թուրքիայի տնտեսությանը, հատկապես զբոսաշրջության ոլորտին: Երկրորդ՝ հարավ-արևելքի բնակիչների շրջանում դժգոհություն առաջացնել. այս տարածաշրջանի բնակիչները առավել հաճախ աշխատում են զբոսաշրջային վայրերում»: Եվ այսպես՝ կլիմայական դիվերսիայի հետևում տնտեսական պատերազմի նշաններ են: Ապրենք՝ կտեսնենք:

Այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների հերթական դիվանագիտական ​​սրման համապատկերին: Թուրքերը մեղադրեցին Հունաստանին, որ օգոստոսի 1-ին, հունական կողմից արձակված կրակոցներից հետո, սահմանամերձ Էդիրնե (Ադրիանապոլիս) քաղաքի  մոտակայքում սպանվել է Թուրքիայի մի քաղաքացի: Թուրքիայի ԱԳՆ կանչված Անկարայում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը «ամբողջովին հերքեց Թուրքիայի մեղադրանքները հունա-թուրքական ցամաքային սահմանին Էվրոսի շրջանում ենթադրյալ միջադեպի վերաբերյալ: Նա թուրքական կողմին մատնանշեց վերջինիս պարտավորությունը` պահպանել իր սահմանները և կանխել թրաֆիքինգ իրականացնողների գործունեությունը և անօրինական ներգաղթը», – ասել է Հունաստանի ԱԳՆ-ը: Հունական «Iefimerida» թերթը բացատրում է, որ միջադեպը տեղի է ունեցել Էվրոսի թուրքական ափին, ներգրավվել են անօրինական միգրանտների երկու մատակարարներ, որոնցից մեկը հարբած է եղել, իսկ Էվրոսի իրադարձությունները թուրքական կողմը օգտագործում է քարոզչական նպատակներով: Ավելացրեք Կիպրոսի խնդրի սրումը, և մենք կստանանք հետաքրքիր պատկեր թուրքերի մոտ աճող խնդիրների մասին: Չնայած չենք կարող բացառել, որ Անկարան ինքն է սրում հարաբերությունները քրդերի և Հունաստանի հետ. Էրդողանը նման փորձ ունի… 

Սերգեյ Շաքարյանց