Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք

Օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին այսօր, քիչ առաջ տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այս մասին գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ նշելով․ «Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք:

Հավելյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը տեղեկացրել էր․ «Կիրակի օրը հարձակվել են Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վրա։ Մոտ մեկ տասնյակ դանակի հարվածներ ստացած մեր գործընկերոջ վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։

Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հայտարարության՝ կասկածներ կան, որ հարձակումը կապ ունի ավագանու անդամի նրա գործունեության հետ։ Հուսով եմ, որ իրավապահները կբացահայտեն մահափորձը իրականացնողներին և հանրությանը կներկայացնեն շատ ուշագրավ մանրամասներ»։