Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երկարատև ընդմիջումից այսօր շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դատավարությունը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։
Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 13։00-ը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Նշենք, որ սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (ներկայում՝ նույնպես պատգամավոր) և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։ Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի և Գևորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն կաշառք ստանալու մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և փողերի լվացման մեջ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։ Սակայն գլխավոր դատախազությունը կարծում է, որ 300.1 հոդվածի չեղարկման հետ կապված՝ մեղադրանքը կարելի է փոխարինել այլ՝ «հարմար» հոդվածով։ Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ՝ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։