Առաջին պաշտոնական կեղծիքը ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովում

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է

«2021 թվականի օգոստոսի 2-ին հրապարակվել է ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը, որով վարչապետի պաշտոնում առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ութերորդ գումարման Ազգային ժողովը իր լիազորությունները ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին ժամը 10․00-ից։ Այդ պահին է հայտարարվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գոյության մասին։ Տվյալ պահին խմբակցության բոլոր պատգամավորները գտնվել են Ազգային ժողովի նիստերի դահլիճում, հետևաբար հարց է առաջանում, թե ե՞րբ է տեղի ունեցել խմբակցության նիստը, ո՞վ է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ի՞նչ մտքերի փոխանակում է տեղի ունեցել, ե՞րբ է կազմակերպվել քվեարկությունը խմբակցությունում, ինչպիսի՞ն են եղել խմբակցության անվանական քվեարկության արդյունքները։ Ակնհայտ է, որ այդ ամենը տեղի չի ունեցել, հետևաբար, նշանակում է, որ տեղի է ունեցել կեղծիք, այսինքն` վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրումը կատարվել է անօրինական ճանապարհով։ Հանրապետության նախագահը մինչև համապատասխան հրամանագրի ստորագրումը կարող է մտածել այս ամենի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահ մարմիններին»։