«Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ փոխնախագահի պաշտոնում

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում:

Իշխան Սաղաթելյանն այս մասին նշել է լրագրողների հետ ճեպազրույցում: Նա սկզբում նշեց, որ ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովների հարցը երկրի առջև ծառացած խնդիրների համատեքստում երկրորդական են: Երբ լրագրողները պնդեցին ԱԺ փոխնախագահի թեկնածության հարցը, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք թեկնածու առաջադրելու են: Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք հենց  ինքն է լինելու, նա նշեց. «Այո, ես եմ»:

Անդրադառնալով ԱԺ-ում մեկնարկած 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում հնարավոր բոյկոտներին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ սա քաղաքական պրոցես է և երբ պետք լինի կգան ԱԺ, երբ պետք լինի կբոյկոտեն, որպեսզի իրենց քաղաքական օրակարգն առաջ տանեն:

Նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը հարթ չի ընթանում, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը պահանջում է ապահովել իրենց երկու կալանավորված գործընկերոջ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասնակցությունը նիստին, իշխանական խմբակցությունից հորդորում են չխանգարել ԱԺ բնականոն գործունեությանը, նշում, որ ընդդիմադիր գործընկերները կալանավորվել են մինչև պատգամավորական մանդատ ստանալը: