Ժիրինովսկին պատասխանել է Ադրբեջանին՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքի համար

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից իր արտահայտությունների պատճառով ներկայացված նոտան, հայտարարել է, որ բարձր է գնահատում երկրի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև իրավունք ունի արտահայտել իր կարծիքը:

«Մենք այնտեղ ենք գտնվում, մեզ խնդրել են։ Եվ ես՝ ՌԼԴԿ-ն, դեմ եմ դրան։ Պարզեք ինքներդ: Ուստի ի՞նչ բողոքի նոտաներ կարող են լինել»- ասել է նա՝ պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին։

Ժիրինովսկին նշել է, որ բազմիցս «Իլհամ Ալիևին իմաստուն ղեկավար» է անվանել։ «Ավելի լավն էր Նրա հայրը՝ Հեյդար Ալիեւը։ Ես բարձր եմ գնահատել և Իլհամ Ալիևին և նրա հորը։ Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ դժվարությամբ են տրամաբանում ու որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք ի՞նչ է, տեղյակ չե՞ն խոսքի ազատության մասին»,- հավելել է նա։

Ինչպես արդեն հայտնել էինք, Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու՝ Ադրբեջանի մասին հայտարարությունների հետ։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայում ներկայացված անձի վարքագիծը ոչ էթիկական է, չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգուն, և այդ հարաբերությունները վնասելուն ուղղված անպատասխանատու և սադրիչ հայտարարություններն անընդունելի են։

«Միջադեպի կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ուղարկել հակառակ կողմ»,- ասված է հաղորդագրության մեջ: