Աֆղանստանի հետ չեն կատակում. Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ պատրաստվում են համատեղ զորավարժությունների

Բոլորովին անհիմն չեն այն մտահոգություններն ու տագնապը, որոնք այսօր Աֆղանստանում կատարվող և Աֆղանստանի հետ կապված իրադարձությունների շուրջ իրենց կանխատեսումներում արտահայտում են աշխարհի տարբեր երկրների վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ:

Խնդրին վերջերս անդրադարձանք նաև մենք` «Աֆղանական բիզը սրվում է Ռուսաստանի, թերևս նաև Չինաստանի և Իրանի դեմ. Կանդահարը գրավելուց հետո հերթը Քաբուլին է հասնելու» հոդվածաշարով : Դրանում մասնավորապես նշել էինք նաև այն վտանգները (դրանց թվում նաև` Աֆղանստանից թմրանյութերի մաքսանենգ առաքումը), որոնք առաջանում են Աֆղանստանում «Թալիբան»-ի հաղթանակի դեպքում, հաղթանակ, որը, կարծում ենք, հեռու չէ: Ընդ որում, այդ վտանգները սպառնում են ոչ միայն Միջին Ասիայի չորս հանրապետություններին և Ղազախստանին, Ռուսաստանին, թերևս նաև Չինաստանին և Իրանին, այլև, հատկապես աֆղանական գործընթացում Թուրքիայի նախատեսված ընդգրկման դեպքում, Կովկասին ու, բնականաբար, նաև Հայաստանին:

Վերոնշյալ հոդվածաշարի հրապարակումից օրեր հետո «Lente.ru»-ի հետ զրույցում Ժամանակակից Աֆղանստանի ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Նիկիտա Մենդկովիչը մեկնաբանելով «Թալիբան»-ի ահաբեկիչների հաղթանակի հավանականությունը, ասել է, որ Միջին Ասիա զինյալների ներթափանցման օբյեկտիվ նախադրյալներ կան արդեն այժմ:

Ըստ Մենդկովիչի, Աֆղանստանում պատերազմը կարող է լրջորեն վատթարացնել իրավիճակը Միջին Ասիա թմրանյութերի տեղափոխման և ապօրինի շրջանառության առումով՝ Լատինական Ամերիկայի սցենարի համաձայն: Այժմ աֆղանական տնտեսությանը հիմնականում հենված է արտաքին օգնության վրա: Եթե ​​«Թալիբան»-ի զինյալները հաղթեն, նրանք ստիպված կլինեն բյուջեն համալրելու այլընտրանքային ուղիներ փնտրել, և այդպիսի այլընտրանք կլինի Աֆղանստանից ափիոնային թմրանյութերի մաքսանենգ առաքման ծավալների մեծացումը, որն այժմ կազմում է գրոհայինների եկամտի 40-60 տոկոսը:

Բացի այդ, ընդգծել է Մենդկովիչը, ​​«Թալիբան»-ի շարքերում կռվում են մարտիկներ «Ալ-Քաիդա»-ից, «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ից և «Ուզբեկստանի իսլամական շարժում»-ից (այս կազմակերպությունը նույնպես արգելված է Ռուսաստանում), որոնք Միջին Ասիայում ընդլայնվելու նպատակ ունեն: Տարածաշրջանում ծայրահեղականների բջիջները թմրավաճառների համար կարող են վերածվել փոխաբեռնման բազաների:

«Կա լատինաամերիկյան կերպով իրավիճակի զարգացման ռիսկ, որտեղ, ընդհանուր առմամբ, գավառական հանցավոր խմբավորումներից` թմրանյութերով զբաղվող, աճել են ժամանակակից թմրակարտելները, և որոնք ներկայացնում են անկախ ուժ ու սպառնում են նույնիսկ մեծ պետությունների կառավարություններին, ինչպես, օրինակ, Մեքսիկայի»,- ասել է Մենդկովիչը:

Փորձագետը հավելել է, որ Միջին Ասիա զինյալների ներթափանցման օբյեկտիվ նախադրյալներից են ոչ միայն թմրանյութերը, այլ նաև զենքն ու հավաքագրողները, որոնք նույնպես մաքսանենգ ուղիներով, անլեգալ ճանապարհով Միջին Ասիայի հանրապետություններ կարող են մուտք գործել հարևան Աֆղանստանից:

Ավելի վաղ Մենդկովիչը գնահատել էր ​​«Թալիբան»-ի հաղթանակի հավանականությունը: Նրա խոսքով՝ գրոհայիններն արդեն տիրապետում են երկրի տարածքի 70-80 տոկոսին և շարունակում են հարձակումը, այնպես որ, պաշտոնական Քաբուլը շատ քիչ շանսեր ունի ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:

Չնայած Մոսկվայում վերջերս ​​«Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ բանակցություններին, Ռուսաստանը, ըստ էության, նախապատրաստվում է Աֆղանստանից սպասվող վտանգներին, ընդ որում, ոչ միայն թմրամիջոցների մաքսանենգ առաքման, այլև անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի առումով: Վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի հետ համատեղ, օգոստոսին և սեպտեմբերին զորավարժություններ են անցկացնելու:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից հաստատված ծրագրի համաձայն, զորավարժությունների հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարին: Այս մասին հայտնել են «Իզվեստիա»-ի աղբյուրները ՌԴ պաշտպանության նախարարությունից: Բացի վերոնշյալից, զորքերը փորձելու են հակազդել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձերին:

Հետաքրքիր է, որ զորավարժությունների շարքն ավարտվելու է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների զինված ուժերի «Խաղաղության առաքելություն 2021» համատեղ ռազմավարական զորավարժություններով, որոնց, բնականաբար, մասնակցելու են նաև Չինաստանի զինված ուժերը:

Ռուսական կողմից ներգրավված են լինելու 15-րդ խաղաղապահ և 55-րդ լեռնային մոտոհրաձգային բրիգադների, ինչպես նաև 31-րդ օդաշարժական դեսանտա- գրոհային առանձին բրիգադի ավիացիոն ստորաբաժանումների ուժերը:

Բացի վերոնշյալից, զորավարժություններին մասնակցելու են նաև 2-րդ և 24-րդ հատուկ նշանակության առանձին բրիգադների խմբերը, ինչպես նաև համազորային բանակների հատուկ նշանակության առանձին վաշտերի ստորաբաժանումները: Ներգրավված կլինեն նաև Ղրղզստանում և Տաջիկստանում տեղակայված ռուսական բազաների ավիախմբերը, ինչպես նաև С-300 հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք մաս են կազմում Տաջիկստանում գտնվող ռուսական 201-րդ ռազմաբազայի:

Միջինասիական տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության հիմքը Տաջիկստանում գտնվող 201-րդ ռազմաբազան է: Նրա կազմում են մի քանի մոտոհրաձգային գումարտակներ, հրետանային դիվիզիոն, ապահովման ստորաբաժանումներ, ինչպես նաև ավիախումբ, ներառյալ` մարտական ​​և տրանսպորտային ուղղաթիռները: Բացի այդ, ռուսական ավիաբազա է տեղակայված Ղրղըզստանի Կանտ քաղաքում, որտեղ հերթապահում են Су-25 СМ գրոհային ինքնաթիռները և Մի-8 ուղղաթիռները: Ավելի վաղ «Իզվեստիան» հայտնել էր, որ պաշտպանության նախարարությունը նախատեսում է հիշյալ ինքնաթիռները փոխարինել արդիականացված Су-25 СМ3-ներով:

Այն ռելիեֆը, որի վրա համատեղ ուժերը մշակում են առաջադրանքները, ըստ պայմանների, հիշեցնում է Աֆղանստանը, և դա զինվորականներին առաջադրում է հատուկ պահանջներ: Ըստ Վալերի Յուրևի, որը մասնակցել է Աֆղանստանի բարձրալեռնային գոտիներում մարտական գործողություններին, բարձրում թթվածնի սակավության պատճառով դժվար է տեղաշարժվել ինչպես տրանսպորտային միջոցներով, այնպես էլ ոտքով: Միևնույն ժամանակ, անկանոն կազմավորումները թաքնվում են լեռներում, որտեղ նրանց դժվար է գտնել: Բացի այդ, նման պայմաններում դժվարություններ են առաջանում զորքերի մատակարարման հետ կապված. ավազակային խմբերը դարանակալում են կապուղիները և հարվածներ հասցնում թիկունքին:

 

Արթուր Հովհաննիսյան