Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը հերքում է չարաշահումների մասին Դատախազության հրապարակումը

Այն հիվանդները, որոնք որ այժմ մեր հիվանդանոցում են, անհանգստացած են այն մեղադրանքների համար, որոնք երեկ հնչեցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում հանցավոր չարաշահումներ են կատարվել, որոնց արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 120 մլն ՀՀ դրամի վնաս:

Սամվել Դանիելյանի խոսքով՝ տարածված լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ:

«Այն գումարները, որի մասին խոսվում է, ունեն իրենց պատասխանները: Մենք պաշտոնական որևէ գրություն չենք ստացել, որին ի պատասխան այսօր պիտի հնչեն մեր փաստերը, թվերը և արգումենտները: Դրանք կլինեն ավելի ուշ, եթե լինի առիթը:

Վերջին 36 տարվա ընթացքում, ինչ ես ղեկավարում եմ այս կենտրոնը, բնականաբար, կունենա փոքր բացթողումներ, սակայն այն թվերը, որոնք երեկ հնչեցին, բացարձակ կապ չունեն մեր աշխատակիցների հետ»,- ասաց Դանիելյանը: