Ռուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով

Ռուսերենի՝ որպես օտար լեզվի, Ռուսաստանի պատմության և ռուսական օրենսդրության հիմքերի իմացության քննությունները օտարերկրացիների համար, որոնք պատրաստվում են ապրել և աշխատել ՌԴ-ում, օգոստոսի 1-ից անցկացվելու են նոր առաջադրանքներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«2021թ. օգոստոսի 1-ից գործողության մեջ է մտնում նոր դրույթ, որով սահմանվում է ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի, Ռուսաստանի պատմության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հիմքերի իմացության քննության անցկացման կարգը օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք հավակնում են Ռուսաստանում աշխատելու և ապրելու իրավունքին։ Դրան համապատասխան՝ քննությունը պետք է անցկացվի ստուգողական չափիչ նյութերի (ՍՉՆ) օգտագործմամբ, որոնք մշակվել են ՌԴ կառավարության հաստատած գիտելիքների նվազագույն մակարդակի պահանջների հիման վրա, որն անհրաժեշտ է  ժամանակավոր կեցության իրավունք, բնակվելու, աշխատանքի կամ պատենտի իրավունք ստանալու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Քննությունն անցկացվում է օտարերկրացի քաղաքացիների  և քաղաքացիություն չունեցող անձանց համար երեք մակարդակով՝ աշխատանքի կամ պատենտի իրավունք ստանալու, ժամանակավոր կեցության թույլտվության, բնակության իրավունքի համար։ Ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի քննությունը ացկացվելու է բանավոր և գրավոր ձևով (բացի այն օտարերկրացիներից, ովքեր հավակնում են աշխատանքի կամ պատենտի իրավունք ստանալ), Ռուսաստանի պատմության և ՌԴ օրենսդրության հիմքերի իմացության քննությունը՝ գրավոր, թեստավորման ձևով, այդ թվում համակարգչային և հեռահար տեխնոլոգիաների օգտագործմամբ։ 1-ին մակարդակի քննության առավելագուն տևողությունը կազմում է ոչ ավելի, քան 80 րոպե, 2-րդ և 3-րդ մակարդակներինը՝ 90 րոպեից ոչ ավելի։