Թուրքիայում հրդեհի 80 օջախներից 71-ը մեկուսացվել է

Թուրքիայի տարբեր շրջաններում բռնկված հրդեհի դեմ պայքարի ընթացքում 80 օջախից 71-ն արդեն մեկուսացվել է: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիին:

«Պայքարը հրդեհի դեմ շարունակվում է Ադանայում, Անթալիայում, Իզմիրում, Մերսինում, Մուղլայում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է նախարարը:

Թուրքիայի անտառներում լայնածավալ հրդեհի բռնկման հիմնական պատճառն, ըստ պատկան մարմինների, բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամին են, որը նպաստում է հրդեհի արագ տարածմանը: Սակայն Թուրքիայի իշխանությունները չեն բացառում նաև սուբյեկտիվ գործոնները՝ մասնավորապես, սաբոտաժի մեջ կասկածելով Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին: