Իրականությունը ՀՀ օդային տարածք թշնամու ԱԹՍ-ների գիշերային ներխուժման փորձի և ոչ միայն դրա վերաբերյալ

Հուլիսի 30-ի կեսգիշերից քիչ անց Armrusnews.am կայքը հղում կատարելով իր զրուցակցի վրա, տեղեկացրեց , որ «Քիչ առաջ՝ ժամը 23:45-ի սահմաններում Վարդենիսի երկնքում հակառակորդի անօդաչու է խոցվել»:

Նույն կայքի` նախորդից մոտ կես ժամ հետո մեկ այլ հրապարակման  համաձայն, «Վարդենիսի Շատջրեք գյուղի տարածքում, ժամը 00:40-ի սահմաններում հակառակորդի երկրորդ ԱԹՍ-ն է խոցվել:

Armrusnews.am-ին տեղեկացրել են, որ ՀՕՊ համակարգը թվով 10 անօդաչու սարք է հայտնաբերել Վարդենիս քաղաքի և գյուղերի տարածքում, սակայն ստույգ տեղեկություն այդ մասին չկա. առայժմ խոցված են 2-ը:

Մեր զրուցակիցը նաև նշել է, որ ՀՕՊ-ը փորձում է հայտնաբերել 3-րդ անօդաչուն, սակայն ժամը 2:19-ի դրությամբ տեղեկատվություն չի ստացվել:

Նրա խոսքով՝ հակառակորդի թիրախում տարածքի ՀՕՊ համակարգն է և ԱԹՍ-ների մուտքը մեկ նպատակ է հետապնդում՝ հայտնաբերել և շարքից հանել այն:

Հիշեցնենք, որ առաջին ԱԹՍ-ն խոցվել էր ժամը 23:45-ի սահմաններում և ընկել Նորակերտ գյուղի մերձակայքում»:

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ գիշերն իր ֆեյսբուքյան էջում գրեց.

«Վարդենիսից հենց նոր տեղեկացա, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն: Դեռ կա 3-րդը, որը փորձում է շարքից հանել այդ հատվածում մեր ՀՕՊ համակարգը»:

Կայքի հիշյալ հրապարակումներն արագորեն տարածում գտան սոցիալական ցանցերում, իսկ Արսեն Բաբայանի գրառումը սոցիալական ցնացերից բացի, նաև` ԶԼՄ-ներում:

«ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» այսօրվա հաղորդագրությունից  պարզ դարձավ, որ վերոնշյալ տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես` խոցվել է թշնամու ոչ թե 2, այլ ընդամենը մեկ ԱԹՍ, խոցված ԱԹՍ-ի բեկորներն ընկել են ոչ թե Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի մերձակայքում, այլ Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս:

Ավելի վաղ և այլ առիթներով ՊՆ կոչվածի հրապարակած առանձին տեղեկություններ էլ, ինչպես նշել ենք մեր մի շարք հրապարակումներում, ցավոք, իրականությանը չեն համապատասխանում, սակայն սա այն դեպքն է, երբ ՊՆ կոչվածը ներկայացրել է իրականությունը, որովհետև եթե ԱԹՍ-ի բեկորներն իսկապես Նորակերտ գյուղի մերձակայքում ընկած լինեին, իմաստ ու տրամաբանություն չկար ներկայացնելու, թե դրանք ընկել են Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս: Եթե մեր ՀՕՊ-ը թշնամու իսկապես 2 ԱԹՍ ոչնչացրած լիներ, դարձյալ իմաստ ու տրամաբանություն չկար ներկայացնելու, թե ընդամենը մեկն է ոչնչացվել, 2-րդի ոչնչացումը թաքցնելու, հակառակը` կարևորելով ՀՕՊ-ի կատարածը, հպարտությամբ կնշվեր նաև 2-րդ ԱԹՍ-ի ոչնչացման մասին:

Ինչ վերաբերվում է վերոնշյալ աղբյուրների հրապարակած տեղեկություններին, թե «ՀՕՊ-ը փորձում է հայտնաբերել 3-րդ անօդաչուն», «հակառակորդի թիրախում տարածքի ՀՕՊ համակարգն է և ԱԹՍ-ների մուտքը մեկ նպատակ է հետապնդում՝ հայտնաբերել և շարքից հանել այն», «Դեռ կա 3-րդը, որը փորձում է շարքից հանել այդ հատվածում մեր ՀՕՊ համակարգը», ապա պետք է ի սկզբանե պարզ լիներ, որ որևէ մեկը գիշերային երկնքում չէր կարող տարբերել հարվածային ԱԹՍ-ն ոչ հարվածայինից: Հետևաբար եթե թշնամու ԱԹՍ-ի տեսակի մասին պատկերացում չէր կարող լինել, ինչպե՞ս կարելի էր դրան վերագրել մեր ՀՕՊ համակարգը շարքից հանելու նպատակ: Համենայն դեպս, թշնամու խոցված միակ անօդաչուն «Aerostar» տիպի է, որը իսրայելական կամ իսրայելաադրբեջանական արտադրության հետախուզական ԱԹՍ է:

Իրականությանը չի համապատասխանում նաև կայքի հրապարակած այն տեղեկությունը, թե «ՀՕՊ-ը փորձում է հայտնաբերել 3-րդ անօդաչուն», որովհետև հենց նույն տեղեկատվության նախորդած նախադասության մեջ նշված է. «ՀՕՊ համակարգը թվով 10 անօդաչու սարք է հայտնաբերել Վարդենիս քաղաքի և գյուղերի տարածքում»: Հակասությունն ակնհայտ է:

Դժվար է ասել, թե իրականում քանիսն են եղել ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր կատարած ԱԹՍ-ները` գուցե տասն են եղել, գուցե դրանից ավելին կամ պակաս: ՊՆ կոչվածի հաղորդագրության հետևյալ հատվածից («Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր») հայտնի է միայն, որ դրանք եղել են մեկից ավելին: Փաստը նաև այն է, որ ՀՕՊ-ը ոչնչացրել է դրանցից ընդամենը մեկը, այսինքն` կամ, թեև հայտնաբերելուն, չի կարողացել ոչնչացնել, կամ վերևից «բարեկիրթ» Ալիևին շատ չնեղացնելու հրաման է տրված եղել…

«Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող  տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով»,- նշված է ՊՆ-ի վերոնշյալ հաղորդագրության մեջ:

Բնականաբար, հարց է առաջանում` իսկ կեսգիշերին մոտ ումի՞ց կարող էին ճշտել, եթե ոչ ՊՆ կոչվածի պաշտոնական կայքից կամ ֆեյսբուքյան էջից, մինչդեռ դրանցում ՀՀ օդային տարածք թշնամական ԱԹՍ-ների ներխուժման փորձից, դրանցից մեկի ոչնչացումից դեռ ժամեր հետո էլ որևէ հաղորդագրություն չեղավ: Եթե պաշտպանական գերատեսչությունը ցանկանում է բացառել կամ գոնե նվազեցնել չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումն ու տարածումը, թող բարի լինի ժամանակին հանդես գալ համապատասխան տեղեկատվությամբ:

ՊՆ կոչվածի կողմից օպերատիվ տեղեկատվության բացակայությունը, հաճախ նաև ընդհանրապես լռելը կամ թաքցնելը, ցավոք, դարձել են քրոնիկ հիվանդության պես մի բան, ինչին մեր «Այդ դեպքում առավել ամբողջականորեն կբացահայտվեին Նիկոլի ու նրա իշխանության պետական դավաճանության հրեշավոր հետևանքները» հրապարակմամբ անդրադարձանք նաև վերջերս:

Եվ երկրորդ. քանի որ ՊՆ կոչվածն ինքն է մերթընդմերթ հանդես գալիս իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակմամբ, բարոյական իրավունք չունի նման կոչով հանդես գալու, իսկ հանդես գալու դեպքում` դրական արդյունք ակնկալելու: ՊՆ կոչվածի կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակմանը նախկինում քանիցս անդրադարձել ենք, վերջինը` «Արծրուն Հովհաննիսյանը գնաց, բայց լրատվության ասպարեզում ՊՆ կոչվածի խայտառակ գործելակերպը մնաց» հոդվածով : Սակայն նույնիսկ դրանից հետո, ցավոք, համապատասխան հետևություն չարվեց:

ՊՆ կոչվածի հուլիսի 28-ի պաշտոնական հաղորդագրության  համաձայն, հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում ժամը 08։30-ի դրությամբ վիրավորվել են հայկական կողմի երկու զինծառայող: Նույն նախարարության պաշտոնական կայքում հուլիսի 28-ին հրապարակված մեկ այլ հաղորդագրության  մեջ նշված է. «Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող»։

Վերոնշյալ իրադարձությունների առնչությամբ ՊՆ կոչվածի նույն օրվա նախավերջին հաղորդագրության  համաձայն, «Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է» (ընդգծումը` մերը): Նշված մարտական գործողությունների վերաբերյալ ՊՆ կոչվածի հուլիսի 28-ի վերջին  և հետայդու հրապարակված հաղորդագրություններում հուլիսի 28-ին վիրավորված զինծառայողների թվաքանակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա: Ըստ որոշ ԶԼՄ-ների հրապարակումների, 4-րդ վիրավորը կորած զինծառայողն է եղել, որին հետագայում են հայտնաբերել:

Իրականում, սակայն, ինչպես հայտնի դարձավ ՀՀ քննչական կոմիտեի նույն օրը հրապարակած տեղեկատվությունից , վերոնշյալ մարտական գործողությունների ընթացքում «պարտադիր ժամկետային հինգ զինծառայողներ, շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի հրազենային, բեկորային մարմնական վնասվածքներ» (ընդգծումը` մերը):

Քանի որ ՊՆ կոչվածն այսպիսի խայտառակ գործելակերպով է հանդես գալիս, շատերը կարող էին հավատալ ու, հավանաբար, հավատացել են Վարդենիսի հայկական կորցրած դիրքի ուղղությամբ հուլիսի 28-ի վերսկսված ինտենսիվ կրակոցների առնչությամբ նույն օրվա առավոտյան «Փաստարկ» լրատվականի հրապարակած այն տեղեկությանը , թե «Այս պահին Ադրբեջանը կիրառում է տանկեր եւ հեռահար թնդանոթներ»։ Իսկ ինչո՞ւ չպետք է հավատային… Հայաստանում տեղեկատվական անվտանգության վիճակը նախկինում էլ մի բան չէր, բայց հիմա` ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի պաշտոնավարության օրոք, իջել է գրեթե զրոյական մակարդակի:

 

Արթուր Հովհաննիսյան