Իրանը քաղում է Ալիևի ռեժիմի հանդեպ իր թողտվության պտուղները

Այն օրերին, երբ Թուրքիան և Բաքուն պատերազմ են սկսել Հայաստանի դեմ (իսկ դա այդպես է, որքան էլ խնդիրը փորձեն ներկայացնել իբրև «սահմանային միջադեպեր, քանի որ սահմանների գծանշում և սահմանազատում չկա»…), ծայրաստիճան հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել հարևան Իրանում: Ավելին, իրադարձությունների հիմնական մասը տեղի է ունեցել հենց այն շրջաններում, որոնք սահմանակից են «կովկասի-թաթարստան»-ին: Սկզբում 2021 թվականի հուլիսի 26-ին Իրանը հայտարարել է, որ վեց տարբեր նահանգներում ձերբակալվել են 36 ահաբեկիչներ, որոնք աշխատում էին արտասահմանյան հետախուզական ծառայությունների և տարբեր ահաբեկչական խմբավորումների համար: Մասնավորապես, հարավ-արևմտյան Ֆարս նահանգի գլխավոր դատախազ խոջաթ ալ-Իսլամ Սեյեդ Քազեմ Մուսավին հայտարարել է, որ ամբողջ երկրում ձերբակալվել են «թաքֆիրիստների» ահաբեկչական խմբավորման տարրեր: Այդպես են Իրանում անվանում, օրինակ, «Ալ-Քաիդայի» կամ «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին: Ըստ Մուսավիի խոսքերի՝ 11 ահաբեկիչներից բաղկացած ահաբեկչական խմբավորման կորիզը ձերբակալվել է հենց Ֆարս նահանգում, իսկ մյուս զինյալները ձերբակալվել են փոխհամաձայնեցված և կոորդինացված գործողության արդյունքում 6 արևելյան և արևմտյան նահանգներում: Նա հավելել է, որ 25 հոգի նույնականացվել ու ձերբակալվել է Ֆարս նահանգի սահմաններից դուրս:

Գլխավոր դատախազ Մուսավին նաև հավելել է, որ ահաբեկչական խումբը մտադիր էր միանգամից ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի մի քանի նահանգներում և տեսանյութեր տարածել կիբերտարածքում` իր գոյության մասին հայտարարելու, վախ և ահաբեկչություն հրահրելու նպատակով: Նա նաև ասաց, որ հատուկ ծառայությունների կողմից ահաբեկիչներից մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է առգրավվել՝ ավելացնելով, որ հատուկ ծառայությունները մեծ հարված են հասցրել խմբավորմանը և բացահայտել ղեկավարների երկրի սահմաններից դուրս, հաղորդում է «ISNA» գործակալությունը:

Իհարկե, մեզ հետաքրքրում էր, թե ինչ նկատի ուներ դատախազ Մուսավին, երբ խոսում էր արևմտյան նահանգներում ահաբեկիչների ձերբակալությունների մասին, քանի որ արևմտյան նահանգները սահմանակից են նաև Թուրքիային, Մեղրիի շրջանին, Նախիջևանին և «կովկասի-թաթարստան»-ին: Իսկ հուլիսի 27-ին Իրանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի «Մոսադ» հատուկ ծառայության գործակալական ցանցը նույնպես ձերբակալվել է երկրի արևմտյան սահմանին: «Իրանի հետախուզության նախարարության հակահետախուզական գործունեությունից հետո երկրի արևմտյան սահմանին սիոնիստական ​​ռեժիմի լրտեսական կազմակերպության (Մոսադ) անդամների ցանց է ձերբակալվել», – հաղորդել է նախարարության հակահետախուզության գլխավոր տնօրենը: Նա ավելացրել է, որ այս գործողության ընթացքում մեծ քանակությամբ զենք և զինամթերք է առգրավվել, այդ թվում՝ ատրճանակներ, նռնակներ, «Վինչեստեր» հրացաններ, որսորդական հրացաններ և զինամթերք»,- հաղորդում է «Mehr News» գործակալությունը: Նշելով, որ «Մոսադ» հետախուզական ցանցի անդամները մտադիր էին այդ զենքերն օգտագործել քաղաքային անկարգությունների և սպանությունների ժամանակ, նա նաև ասել է, որ ընտրությունների օրերին սիոնիստական ​​ռեժիմը բազմիցս փորձել է դիվերսիոն գործողություններ իրականացնել երկրի տարբեր մասերում, սակայն Իրանի հետախուզության նախարարության ուժերի կողմից ժամանակին գործողություններով ճնշվել են նրանց դիվերսիոն և ահաբեկչական բոլոր գործողությունները:

Եվ միայն մի քանի ժամ անց, նույն օրը, իրանական մեկ այլ գործակալություն՝ «Tasnim News»-ը, պարզաբանել է. խոսքը հյուսիս-արևմտյան Արևմտյան Օզարբոժան (Ադրբեջան) նահանգի մասին է: Գործակալությունը հղում է կատարել Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան  հրամանատարության աղբյուրներին: Զեկույցում նշվել է, որ Բուքան քաղաքի տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է երեք հոգուց բաղկացած խումբ: Գործողության ընթացքում սպանվել է երկու ահաբեկիչ, ևս մեկը՝ վիրավորվել: Դրանից հետո երեք հանցակիցներ փորձել են օգնության հասնել դարանակալված խմբին: Նրանք բոլորը վնասազերծվել և ձերբակալվել են: ԻՀՊԿ ցամաքային զորքերի Համզեհ Սեյեդ ալ-Շոհադան շտաբը հաստատել է այս տեղեկությունը, հավելել է «ԻՐՆԱ» գործակալությունը` հաղորդելով, որ ահաբեկիչներից առգրավվել են մեծ քանակությամբ զենք և զինամթերք, ինչպես նաև դիվերսիոն սարքավորումներ: Ի դեպ, սա Իրանի թշնամիների կողմից (հեղինակը իր կողմից ավելացնում է՝ ինչպես նաև հայ ազգի…) Արևմտյան Օզարբոժանի նահանգը արյունով խեղդելու առաջին փորձը չէ:

Մեր Արցախի բռնազավթումից անմիջապես հետո, 2020 թ. նոյեմբերի 14-ին, իրանական ԻՀՊԿ-ը հզոր հրետանային հարված է հասցրել «սահմանի մյուս կողմում» զինյալների դիրքերին, ովքեր հարձակվել էին սահմանապահների վրա իրանական Ադրբեջանում, այն ժամանակ հայտնել է «IRIB» հեռուստառադիոընկերությունը. «ԻՀՊԿ ցամաքային ուժերը կրակ են բացել հյուսիս-արևմտյան սահմանի մյուս կողմում գտնվող ահաբեկչական հակահեղափոխական խմբավորումների դիրքերի ուղղությամբ»:

Իրանցիների հնարքն ու խորամանկությունն այն էր, որ 20202-ի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի մասին այդ զեկույցներում նրանք որոշել են չհստակեցնել, թե որ երկրում են գտնվում անանուն խմբի դիրքերը: Բայց իրանական Արևմտյան Օզարբոժան նահանգը սահմանակից է Նախիջևանին, Թուրքիային, բուն «կովկասի-թաթարստան»-ին և մեր Մեղրու շրջանին: Ըստ աղբյուրների, որոնք մենք չենք կարող նշել, և, հետևաբար, ստուգման կարիք ունեն, 2020-ի նոյեմբերին, ինչպես և 2019-ի հուլիսին, իրանական հրետանային հարվածների հետևանքով սպանվել են ոչ միայն ահաբեկիչներ, այլև Թուրքիայի զինծառայողներ: Այնուամենայնիվ, այսպես թե այնպես, թուրքերը շատ-շատ են ոչ միայն Թուրքիայում, այլև Նախիջևանում, իսկ այժմ Իրանի՝ Արցախի հետ նախկին սահմանին: Այս հանգամանքը մեզ թույլ չի տալիս այսօր հասկանալ, թե որտեղից են ահաբեկիչներն ու «Մոսադի» գործակալները նետվել Իրանի Արևմտյան Օզարբոջան նահանգ՝ հենց «կովկասի-թաթարստանի՞ց», Թուրքիայի՞ց, թե Նախիջևանից: Մենք միայն մի բան հաստատ գիտենք. մեր Մեղրու շրջանում և Մեղրու մերձակայքում իրանցիները ոչինչ չարեցին… Այսպիսով, լարվածությունը տիրում է Իրանի՝ Թուրքիայի, Նախիջևանի և «կովկասի-թաթարստանի» հետ սահմաններին: Սա Ի. Ալիևի ռեժիմի հանդեպ այն ամենաթողության գինն է, որը Իրանը ցուցաբերեց անցած աշնանը:

Սերգեյ Շաքարյանց