Արցախի հանդեպ մեր դիրքորոշումով է պայմանավորված, թե ինչ գործընթացներ են տեղի ունենալու (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԱԺ 8-րդ գումարման «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանի հետ խոսել ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումների, Պաշտպանության նախարարության հայտարարությունների մասին, առ այն որ Ադրբեջանը իր գործողություններով խոչըդոտում է Մոսկվայում նախատեսված բանակցությունները, մինչդեռ Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չպարզաբանեց՝ ինչ բանակցությունների մասին է խոսքը։

Անդրադարձանք նաև  ռուս սահմանապահների տեղակայման խնդրին, դելիմիտացիայի և դեմարկացիայի վտանգներին, ինչպես նաև Հայաստանի տարածքով կոմունիկացիաների բացմանը․ «Սահմանների բացումը հարևանների հետ պետք է տեղի ունենա այնպիսի պայմաններում, երբ կա դրա համար անհրաժեշտ միջավայր, երբ այդ պետությունները թշնամաբար տրամադրված չեն, և երկրորդ՝ դու ունես պետական անհրաժեշտ, կարևոր ինստիտուտներ, որոնք կարգավորելու են այդ շարժերի և առհասարակ այդ պետությունների հետ գործակցության բոլոր պոտենցիալ ռիսկերը»,- հավելեց Տ․ Աբրահամյանը։

Պատգամավորի հետ խոսել ենք նաև «Պատիվ ունեմ» դաշինքի հետագա գործունեության մասին ԱԺ-ում՝ որպես արմատական ընդդիմություն, ինչո՞ւ վերցրին մանդատները, ի՞նչ նպատակի է ծառայելու խորհրդարանական գործիքակազմը, ի՞նչ կարող ենք ակնկալել «Պատիվ ունեմ» դաշինքից, ինչ վերաբերմունք ունեն «Իմ քայլը» խմբակցության կողմից՝ 44-օրյա պատերազմի հանգամանքնները քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ Արցախի խնդիրներին առնչվող հանձնաժողովի ստեղծման մասին Արթուր Վանեցյանի առաջարկը մեր հյուրն այսպես գնահատեց․ «Արցախին համալիր օժանդակություն ապահովելու համար անհրաժեշտություն կա ստեղծել հանձնաժողով, որտեղ պետք է տեղի ունենան հիմնական քննարկումները․․․»,- ընդգծեց Աբրահամյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է հասկանալ Արցախի ապագան, վաղվա մեր անվտանգության ապահովման հիմքը պետք է ստեղծենք, «շատ գործընթացներում շատ բան կախված է, թե ինչ Արցախ ենք մենք ունենալու»։

Մանրամասները՝ տեսանյութում