Բեմադրվում է պատերազմի նույն սցենարը․ կլինեն զոհեր ու կտրվեն տարածքներ (տեսանյութ)

Փաշինյանը նոյեմբերի 9-ի կապուտուլյացիոն եռակողմ հայտարարությունը ստորագրելը մեկնաբանեց այսպես՝ որպեսզի կանգնեցնենք պատերազմը, հաստատվի խաղաղություն, փրկենք կյանքեր: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո էլ հայտարարեց, թե Արցախի ու Հայաստանի ժողովրդից ստացել է «խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ»:

Ի դեպ, շատերը ընտրություններում նրան ձայն տվեցին որպես խաղաղաբերի․ կեղծ թեզ էր շրջանառվում, եթե Փաշինյանը չընտրվի՝ պատերազմը կվերսկսվի, իսկ ընտրվելու դեպքում կլինի խաղաղություն։ Ու այս համոզմամբ էլ ընտրեցին։ Բայց իրականությունն այն է, որ պատերազմը չդադարեց ու շարունակվում է:

Օրերս razm.info կայքը արձանագրել էր, որ 2020 թ․նոյեմբերի 11-ից՝ հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մինչ օրս, հայկական բանակում գրանցվել է առնվազն 66 զոհ։ Իսկ գերիների պահով՝ Ադրբեջանը շարունակել է նոր գերիներ վերցնել։ Ուրեմն ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։

Եվ տարօրինակ է, որ մենք կարծես համակերպվել ենք թե՛ պատերազմի շարունակականության, թե՛ մեր զոհերի ու տարածքների կորստի հետ: Մինչդեռ կան քաղաքական գործիչներ, որոնք կարող են անգամ այսպես արտահայտվել․ «Պետք չէ ամեն կրակոցից վայնասուն դնել»։ Այս խոսքերի հեղինակը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանն է։ Գուցե պետք է պարոնին հիշեցնե՞լ, որ ամեն կրակոցից հետո զոհեր ու վիրավորներ ենք ունենում, մեր տղերքին ենք կորցնում, ու դա ազգային ցավ է, ողբերգություն, ոչ թե վայնասուն․․․

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։