Մի հատ ստուգում են ԱԺ շենք մտնելիս, մի հատ դահլիճ մտնելիս, ինչի՞ց են վախենում․ Թովմասյան

«Երբ տեղեկություն ստացա, որ լրագրողների տեղաշարժը ԱԺ-ում սահմանափակվելու է, ուղարկել եմ գրություն և մինչ օրս պատասխան չունեմ. թերևս հիմնավորումներ են փնտրում, որպեսզի տրամաբանական հիմնավորում ներկայացնեն, թե ինչն է խնդիրը, որ լրագրողները  միջանցքում մոտենում են որևէ պատգամավորի և հարց տալիս»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Եթե մենք հանրային գործիչներ ենք, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ, ինչո՞ւ ենք խուսափում լրագրողներից: Սա ինձ համար ամենաանընդունելի մոտեցումն է: Ես նաև  իմ հարցաշարի մեջ գրել եմ, որ խորհրդարանի ձևավորման օրվանից ավանդույթ կա, որի դրսևորումն այն է, որ լրագրողները ազատ կարողանում են այս կառույցում շրջել և իրենց հարցերի պատասխանն ստանալ պատգամավորներից, նաև կառավարության անդամներից: Սա միակ հնարավորությունն է լրագրողների համար ազատ տեղաշարժի և ազատ մեկնաբանություններ ստանալու: Ստացվում է, որ դուք այսուհետ զրկված եք լինելու բացառիկ տեղեկություն ստանալու, բացառիկ կադրեր անելու հնարավորությունից:

Ես կարծում եմ՝ որևէ երկրի օրինակ բերելն այստեղ ճիշտ չէ, ի վերջո մի բան էլ մենք պետք է մինչև վերջ անենք: Այսօր խոսում են անվտանգության մասին, և այս սարքերը, որ տեղադրված են դահլիճի մոտ, մի քիչ նսեմացուցիչ է: Մի հատ ստուգում են ԱԺ շենք մտնելիս, մի հատ դահլիճ մտնելիս, ինչի՞ց են վախենում, անհասկանալի է: Եթե կարող են այսպիսի անվտանգություն ստեղծել լոկալ պայմաններում, ինչո՞ւ է մեր սահմաններն անվտանգության առումով բաց»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը նաև հարց բարձրացրեց. «Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ անվտանգության հարց առաջացավ: Այսինքն նոր խմբակցությունների՞ց են վախենում: Կամ խորհրդարանում այդ ո՞վ է այդքան վտանգավոր, որ պետք է 4 անգամ ստուգեն, նոր մտնի դահլիճ: Այս խորհրդարանում եղել են անվտանգության միջոցառումներ, բայց մենք ունեցել ենք հոկտեմբերի 27, մարդիկ զենքեր տեղափոխեցին խորհրդարան: Այս ցուցադրական սարքերը, չեմ կարծում՝ որևէ հարց պետք է լուծեն»: