Եվրախորհրդարանականները դատապարտել են Հայաստանի տարածքի հանդեպ Ադրբեջանի հավակնությունները

«Մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջերս արած հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» մասին, և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Ադրբեջանի «բուն հող» հիշատակումները։ Նման հայտարարությունները չափից ավելի անպատասխանատու են և սպառնում են տարածաշրջանային անվտանգության հետագա խափանմամբ»,- ասվում է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի, Ադրբեջանի հարցերով զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունում։

«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին երեք հայ զինծառայողի մահվան համար ադրբեջանական զորքերի հետ Գեղարքունիքի մարզի սահմանին բախումների ժամանակ՝ այն բանից հետո, երբ վաղ առավոտվանից, ինչպես տեղեկացվում է, հրետակոծվել են հայկական դիրքերը և մի քանի գյուղեր, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։

Ցավոք, սա ընդամենը վերջինն է միջադեպերի կամ սադրանքների շարքից վերջին ամիսների ընթացքում, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցմամբ։ Պակաս անհանգստացնող չէ վերջին օրերին Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, երբ զոհվել է ևս մեկ հայ զինվոր։

Մենք կոչ ենք անում երկու կողմերին հետևել հրադադարի ռեժիմին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրանքից։

Ցանկացած հնարավոր տարաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով սահմանազատման և սահմանագծման գործընթացում, ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների կիրառման ճանապարհով։

Բոլոր ուժերը պետք է հեռանան դեպի այն դիրքերը, որոնք զբաղեցված էին մինչև մայիսի 12-ը և Հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Իրավիճակի ապասրացման համար չափազանց կարևոր է անհապաղ դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը։

Այս համատեքստում մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ, և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Ադրբեջանի «բուն հող» հիշատակումները։ Նման հայտարարությունները չափազանց անպատասխանատու են և սպառնում են տարածաշրջանային անվտանգության հետագա խափանմամբ։

Մենք հիշեցնում ենք, որ ԵՄ-ը հավատարիմ է վստահության ամրապնդման և ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ լուծելու միջոցների աջակցմանը, այդ թվում հակամարտության ամուր կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին բանակցությունների վերսկսման միջոցով,- նշվում է հայտարարությունում։