Մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ․ Նազելի Բաղդասարյան

Սահմանին տիրող իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և ակնհայտ է, որ միտումնավոր սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Նա հիշեցրեց՝ դեռևս մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և վերջին օրերին սադրիչ գործողություններ են իրականացնում։

«Այս ամենը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, բայց Հայաստանն ու ՀՀ իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը։ Մենք վերահաստատում ենք մեր մոտեցումները՝ մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ, և միջազգային բոլոր կառույցներին կոչ եմ անում դիմել հստակ, գործուն քայլերի»,-հայտարարեց պատգամավորը։