Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի

Ազգային ժողովում քննարկում են «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։
«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով կարգավորվում են այն հասարակական հարաբերությունները, որոնք այս պահին կոնկրետ կարգավորում չունեին, այսինքն սահմանային շերտում լուսանկարահանելու, անօդաչու թռչող սարքեր օգտագործելու հետ կապված հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք գիտենք, որ այսօր սահմանների փոփոխման հետ կապված բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, տուրիստների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում են, տեսանկարահանվում են, տարբեր մեկնաբանություններ են անում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ: Հետևաբար, նախագծի ընդունումը շատ կարևոր է:

Այս նախագծով փոփոխություն է արվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 200-րդ հոդվածում և տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման համար մինչև 100 հազար դրամի չափով»,-ասաց նա: