Ո՞վ կղեկավարի ԱԺ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը․ թեկնածուին կողմ են․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ի պաշտոնե օրեր անց արդեն ԱԺ ութերորդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները` անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ է համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:

ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում ևս կարևորվել է այս հանձնաժողովի ստեղծման և լիարժեք աշխատանքի հարցը: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում իրենց խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին, ով եղել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականը:

Այս հարցում առարկություններ չունեն նաև «Հայաստան» դաշինքում և հանձնաժողովի ձևավորվելու դեպքում պատրաստ են սատարել նրա թեկնածությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում