Եթե ԱՄՆ-ը ոտնձգություն կատարի մեր սուվերենության դեմ՝ կզղջա․ Չինաստանի ԱԳՆ

Հուլիսի 26-ին և 27-ին աշխարհը ականատես եղավ այն բանի, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները, ըստ էության, փոխանակվել են սպառնացող նախազգուշացումներով: Հասկանալի է, որ դա առայժմ դիվանագիտական ​​«քաղաքավարության փոխանակում է», Պեկինի և Վաշինգտոնի կողմից որոշակի ակտիվ քայլերի նախանշան, ինչպես ենթադրում ենք, կլինի համեմատաբար ոչ հեռավոր ապագայում:

Հուլիսի 26-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի հետ բանակցությունների ընթացքում շատ կոշտ հայտարարել է. «Միացյալ Նահանգներն իրավունք չունի ոտնձգություններ կատարել Չինաստանի ինքնիշխանության նկատմամբ: Հոնկոնգի, Սինցզյանի, ինչպես նաև Տիբեթի խնդիրները երբեք կապ չեն ունեցել մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ: Էլ չեմ ասում Թայվանի՝ այս խնդիրների խնդրի մասին: Չնայած այն հանգամանքին, որ ՉԺՀ-ի մայրցամաքը և կղզին դեռ չեն միավորվել, դրանք կազմում են միասնական Չինաստանը: Եթե ​​Թայվանի «անկախության» կողմնակիցները համարձակվեն մարտահրավեր նետել մեզ, Չինաստանն իրավունք ունի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ դրան վերջ տալու համար: Եթե ​​ԱՄՆ-ը ոտնձգություն կատարի մեր ինքնիշխանության դեմ, ապա նրանք կզղջան դրա համար»:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է Վան Յին նման ձևով «տեղը դնում» ամերիկուհուն, ներկայացնենք որոշ մանրամասներ: Չին-ամերիկյան այս բանակցությունների նախօրեին Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ժամանակն է՝ Չինաստանը և միջազգային հանրությունը սովորեցնեն Վաշինգտոնին այլ երկրների հետ որպես հավասարի հետ վերաբերվել: Վան Յին հուլիսի 24-ին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վ. Շերմանի Թայվան կատարելիք այցի նախօրեին մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը, որում նա (Վ. Շերմանը) ասել է, որ Վաշինգտոնը Պեկինի հետ երկխոսություն կվարի ուժի տեսանկյունից։ Վ. Շերմանը կրկնել է իր սպառնալիքը նաև Թայվանում: Ինչպես կարելի է պատկերացնել, Ջո Բայդենի վարչակազմը նյարդայնացած է և մտադիր է գործել ԱՄՆ Պենտագոնի՝ Աֆղանստանից և Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու իրական պատճառի մասին հիմարագույն ռեպլիկին համապատասխան․ իբր, Վաշինգտոնը պետք է «կենտրոնանա Չինաստանի և Ռուսաստանի վրա»՝ որպես հիմնական թշնամիների… ՉԺՀ արտգործնախարարին, ինչպես տեսնում ենք, ԱՄՆ տրամադրվածությունը չի զարմացրել և չի վախեցրել։ Ի թիվս այլ բաների, Չինաստանի փոխարտգործնախարար Սի Ֆենը ԱՄՆ-ին անվանել է «հարկադրական դիվանագիտության գյուտարարներ» և նրանց մեղադրել է իր երկրից թշնամու արհեստական ​​կերպար ստեղծելու մեջ` իրենց ներքին խնդիրները լուծելու նպատակով:

Ի պատասխան պարոն Վան Յիի, հուլիսի 27-ին Սինգապուրում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը որոշել է Բայդենի վարչակազմի աչքը մտնել. «Մենք չենք տատանվելու, երբ մեր շահերը վտանգված են: Այնուամենայնիվ, մենք առճակատման չենք ձգտում: Ես հանձնառու եմ հասնել կառուցողական, կայուն հարաբերությունների Չինաստանի հետ, այդ թվում՝ ճգնաժամային հաղորդակցությունները Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի հետ»,-հայտարարել է նա: «Ռոյթերս» գործակալությունը, որը փոխանցել է Պենտագոնի ղեկավարի խոսքերը, հայտնում է, որ, ըստ Օսթինի, ամերիկյան կողմը հնարավոր բացասական միջադեպերի դեպքում շահագրգռված է լարվածությունը նվազեցնելու համար հաղորդակցության ուղիները պահպանել։

Հունվարին նշանակվելուց հետո ինքը՝ Օսթինը, ցանկանում էր հանդիպել չինական  զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Բայց Չինաստանը զուսպ է վերաբերվում Լ. Օստինի «ցանկություններին»: Գործակալության տվյալներով՝ երկրների միջև հարաբերությունները «վերջին տասնամյակների ամենացածր մակարդակի վրա են»: Նախագահ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմը Պեկինի հետ մրցակցությունը անվանել է այս դարի «հիմնական աշխարհաքաղաքական մարտահրավեր», և պարզվում է, որ այս առումով Բայդենը տքնաջան կրկնում է Դոնալդ Թրամփի «գաղափարները», չնայած նա հայտնի է իր քննադատությամբ նախորդ նախագահի հասցեին։ Չէ՞ որ Վաշինգտոնում հենց Թրամփի օրոք էր, որ Չինաստանին (ինչպես նաև Ռուսաստանին և Իրանին) սկսել են անվանել Ամերիկայի «հիմնական թշնամիներ»:

Սերգեյ Շաքարյանց