Լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով․ Փաշինյան

Ուղղությունը, որով Ադրբեջանի գործողությունները հստակ վարկաբեկման և քայքայիչ միտում ունեն, ՀԱՊԿ-ն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում (խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է), այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ համակարգը: Այս  ծրագիրը կյանքի կոչելու համար սադրիչ գործողություններին զուգահեռ Ադրբեջանը Հայաստան ին մեղադրում է իբր սադրանքն գործելու մեջ: Լինելով ՀԱՊԿ անդամ, որը այս տարվա սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը: Ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն:

Միաժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով:

ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»:

Նշենք, որ կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 29-ը չի զեկուցվում: Երկու հարց որդեգրման մասին է:

Օրակարգում են  հետևյալ հարցերը.

Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

– Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

– «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

– «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 547-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

– Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին,

– Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1148-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

– Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

– «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին և այլ հարցեր: