ՀՀ կառավարությունը մտադիր է ձեռք բերել Pfizer/BioNTech և Sinopharm պատվաստանյութերը

Հայաստանի կառավարությունը մտադիր է գնել կորոնավիրուսի դեմ  Sinopharm (Չինաստան) և  Pfizer/BioNTech (Գերմանիա-ԱՄՆ-Չինաստան) պատվաստանյութերը: Համապատասխան հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 29-ի նիստի օրակարգում:

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման շրջանակներում պատվաստումների գործընթացը անխափան և արդյունավետ շարունակելու նպատակով Առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռք բերել նաև չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորել է նշված պատվաստանյութերի կիրառումը արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում Sinopharm ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաև 3-17 տարեկան անձանց համար»,- նշվում է որոշման հիմնավորման մեջ:

Կառավարությունը այս պատվաստանյութերի ձեռքբերման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացնի շուրջ 3 մլրդ 459 մլն դրամ:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստման նպատակով օգտագործվում են ռուսական Sputnik V, բրիտանա-շվեդական AstraZeneca և չինական Coronavac պատվաստանյութերը։