«Հանուն չորրորդ իշխանության» ՀԿ-ը ՊՆ-ից պահանջում է օպերատիվ տեղեկատվություն

Հուլիս 28-ին ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը թեև կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո, սակայն փոխհրաձգությունն ու պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ կա։ Ու թեև Բաքուն համաձայնել է ժամը 10-ին (Մոսկվայի ժամանակով 09:00-ին) սահմանին կրակի դադարեցում հայտարարելու ռուսական կողմի նախաձեռնությանը, այդ հայտարարությունները հույս չեն ներշնչում, որ լարվածությունը սահմանում կթուլանա:

Հայկական կողմը ավելի ուշ արդեն ճշտված տվյալներով հայտնեց 3 զոհի և 3 վիրավորի մասին: Ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվել քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Այս ընթացքում լրագրողների համար բավական անակնկալ կերպով ՖԲ ուղիղ եթեր դուրս եկավ ՊՆ պահեստազորի սպա, ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որը ներկայացրեց թշնամու այս հարձակումից մանրամասներ: Մասնավորապես նշվեց, որ մեր զինվորները կրակել են մինչև վերջին փամփուշտը: Ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ ՊՆ պաշտոնական բոլոր հաղորդագրությունները տեղադրվում են ՊՆ կայքում։ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող ։

Հավելենք, որ «Թելեգրամում» և «Թվիթերում» էլ ակտիվացել է ՊՆ նախկին խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ 2 հաղորդագրություն տեղադրելուց հետո լռել է:

Լրագրողները, հասարակությունը, մարդիկ տեղեկատվությունն իմանում են սեփական միջոցներով, ասել է թե՝ ծանոթների կամ ընկերների, ինչը համաձայնեք ճիշտ չէ և կարող է ապատեղեկատվության նոր աղբյուր հանդիսանալ:

«Հանուն չորորդ իշխանության» հասարակական կազմակերպությունը հայաստանյան բոլոր լրագրողների անունից պաշտպանության նախարարությանը հորդորում և պահանջում է ստեղծված իրավիճակում տեղեկատվության օպերատիվ տրամադրում, որպեսզի արդեն նախկինում տեղեկատվական մանիպուլյացիաներում առկա դեմքերը և դեպքերը չզարգանան:

Նրանք պետք է ձեռնպահ մնան որևէ լուր տարածելուց, իսկ տեղեկատվությունը տրամադրվի 2-3 ժամը մեկ հստակ պարբերականությամբ, անգամ եթե մարտական գործողությունները դադարել են, նշվի նաև դա:

ՄԻՊ գրասենյակի ուշադրությունն ենք հրավիրում այս հայտարարությանը, քանզի կցկտուր, ոչ պաշտոնական աղբյուրների ակտիվացումը խաթարում է հասարակության իրավունքները՝ հավաստի տեղեկատվություն ստանալու հարցում:

Եթե ՊՆ-ը չի ընդունում այս կոչ-հորդորը, խնդրում ենք ՄԻՊ գրասենյակին իրավական գնահատական տալ այդ գերատեսչության աշխատանքին և աջակցել, որպեսզի հարգվեն մարդու հիմնարար իրավունքներն ու լրագրողի աշխատանքը:

ՀՀ նախագահի գրասենյակից ակնկալում ենք հայտարարություն, քանի որ սա հարձակում է ՀՀ սահմանների վրա, սա ոչ այլ ինչ է, քան նոր պատերազմի հրահրում:

Բոլոր գործընկերներին խնդրում ենք տարածել այս հայտարարությունը: 44-օրյա պատերազմում բոլորս ենք քաղել ապատեղեկատվության դառը պտուղները, քանի որ ՀՀ Պաշտպանության նախարարության համապատասախան վարչությանը պետք է ստիպենք կազմակերպել համակարգված աշխատանք:

«Հանուն Չորրորդ իշխանության» ՀԿ
28.07.2021