Արցախի և Հայաստանի թիվ 1 ներքին թշնամին Նիկոլն է, թիվ 1 արտաքին թշնամին` ԱՄՆ-ը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը (արտաքին քաղաքական գերատեսչությունը), News.am -ի փոխանցմամբ, hուլիսի 26-ին հրապարակած իր հաղորդագրությամբ երկրի քաղաքացիներին կոչ է արել չուղևորվել Լեռնային Ղարաբաղ` իր այդ կոչը պայմանավորելով զինված հակամարտությամբ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակում են կորուստներ գրանցվել,- նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։- Ընդհատված կրակոցները և հրետանային համակարգերի ժամանակ առ ժամանակ օգտագործումը, ներառյալ ցամաքային ականներն ու ականանետերը, ամեն տարի հանգեցնում են մահվան և վիրավորների: Խուսափեք «շփման գծի» մոտակայքում գտնվող ճանապարհներից և Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի մոտակայքում ճանապարհներից:

ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարության աշխատակիցները սահմանափակված են այնտեղ ճանապարհորդելու հարցում»:

Անշուշտ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի իրավունքն է իր քաղաքացիներին կոչ անել չուղևորվել այս կամ այն պետություն, բայց ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավունք չունի հերյուրանքներ տարածել որևէ երկրում (տվյալ պարագայում` Արցախում) առկա իրավիճակի առնչությամբ ու վնասել այդ պետությանը:

Հերյուրանք 1-ին. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակում են կորուստներ գրանցվել»; Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիից կամ ԱՄՆ-ի դեսպանատնից պահանջում ենք պարզաբանումներ, համապատասխան փաստերի, ապացույցների հրապարակում առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակվում են կորուստներ գրանցվել:

Եթե իսկապես գրանցվել են կորուստներ հակամարտության հետևանքով, ապա դեսպանը կամ դեսպանատունը թող բարի լինեն մեկ առ մեկ նշել դրանք: Այս տարի և, հատկապես, վերջին շրջանում այդ ի՞նչ կորուստներ են գրանցվել Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում), որ մենք Արցախին այդքան մոտ գտնվելով, տեղյակ չենք, իսկ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն օվկիանոսից այն կողմ տեղյակ է: Եվ ի՞նչ կորուստներ են դրանք, որ գնահատվել են իբրև բավարար սպառնալիք` Արցախ մեկնելու մտադրություն ունեցող ԱՄՆ-ի քաղաքացիներին այնտեղ չուղևորվելու կոչ անելու համար:

Հերյուրանք 2-րդ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ժամանակ առ ժամանակ հրետանային համակարգեր են օգտագործվում:

Վերոնշյալ տեղեկատվության նպատակը թեև արտաքուստ ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգության ապահովումն է և իրազեկումը, որ ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներին, սակայն դրանում առկա հերյուրանքների նպատակները բոլորովին այլ են.

  1. Թեև կոչն ուղղված է ԱՄՆ-ի քաղաքացիներին, սակայն առաջնային հասցեատերն Արցախի բնակչությունն է, իսկ նպատակն անվստահություն, անհանգստություն, տագնապ, վախ առաջացնելն է Արցախի բնակչության թեկուզ մի մասի շրջանում, որը կարող է մտածել, թե իսկապես կան կորուստներ, Ադրբեջանի զինված ուժերն Արցախի նկատմամբ իսկապես գործի են դնում հրետանային համակարգեր, սակայն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այդ ամենն իրենցից թաքցնում է (Արցախի ՊՆ պաշտոնական կայքում 2021թ. ընթացքում որևէ տեղեկություն չկա ոչ միայն հակամարտության հետևանքով կորուստների, այլև կորստի, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի նկատմամբ հրետանային համակարգերի կիրառման վերաբերյալ):
  2. Անվստահություն առաջացնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահների նկատմամբ, որպեսզի մարդիկ մտածեն, որ նրանք ի վիճակի չեն պահպանել խաղաղությունը, կամ, ինչն ավելի վատ է, ադրբեջանցիների և թուրքերի հետ համակարծիք են ու նրանց կողմից, այդ կերպ վարկաբեկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև խթանել Հայաստանում և, ընդհանրապես, հայության մի մասի շրջանակում առկա հակառուսական տրամադրությունները, որոնք անմիջական հետևանքն են ՀՀ-ում ու ՀՀ-ից դուրս Արևմուտքի հինգերորդ շարասյունը հանդիսացող քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների, անհատների կողմից լկտի հերյուրանքներով, կիսաճշմարտություններով ու հասարակության գիտակցության մանիպուլյացիաներով ուղեկցվող տարիների հետևողական աշխատանքի:
  3. Արցախի բնակչության շրջանում անհանգստություն, տագնապ ու վախ, ինչպես նաև տեղի իշխանության և ռուսական խաղաղապահների նկատմամբ անվստահություն առաջացնելով, հասնել Արցախի Հանրապետության նաև մնացած` Ադրբեջանի կողմից չբռնազավթված մասի հայաթափմանը և վերջակետ դնել Արցախի հարցին: Արցախի չբռնազավթված մասի հայաթափումը հենց այն է, ինչն երազում և ինչին հետևողականորեն ձգտում են հասնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ադրբեջանը: Չէ՞ որ հենց այդ դեպքում Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահների ներկայությունը կդառնա անիմաստ ու նրանք հարկադրված կլինեն հեռանալ:

Հիշենք նաև, որ Ալիևն օրերս կեղծելով իրականությունը և անտեսելով, որ ԱՀ-ում այժմ ապրում է ավելի քան 120 000 հայ, հայտարարել էր, թե Արցախում ապրում է 25 000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը՝ այդպիսով փաստացի և ակամա խոստովանելով, որ Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր կատարում Արցախի կարգավիճակի որոշման համար։

  1. Անվստահություն, անհանգստություն, տագնապ, վախ առաջացնել Արցախ ուղևորվելու մտադրություն ունեցող ԱՄՆ-ի և ոչ միայն ԱՄՆ-ի քաղաքացիների շրջանում (ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հաղորդագրությունը կարդում են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև գրեթե բոլոր հարցերում նրան հետևող եվրոպական երկրների, Կանադայի, Ավստրալիայի և այլ պետությունների քաղաքացիները), որպեսզի 2020թ. պատերազմի և կորոնավիրուսային համավարակի հետևանքով Արցախում առանց այն էլ կրճատված զբոսաշրջային հոսքերն էլ ավելի կրճատվեն, հատկապես հիմա` զբոսաշրջային ակտիվ սեզոնում, զգալի վնաս պատճառվի հայտնի պատճառներով ծանր վիճակում գտնվող Արցախի տնտեսությանը:
  2. Իր վախեցնող կոչով Արցախ օտարերկրյա քաղաքացիների այցելությունների դադարեցմամբ կամ կրճատմամբ խոչընդոտել նրանց միջոցով արտերկրում Արցախի, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության իրական պատճառների վերաբերյալ ճիշտ կարծիքի ձևավորմանը:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտն իր վերոնշյալ հաղորդագրությամբ երկրի քաղաքացիներին կոչ է անում նաև վերանայել Հայաստան այցելելու իրենց որոշումը COVID-19-ի պատճառով, սակայն դա այլ թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:

 

Արթուր Հովհաննիսյան