Հայաստանը նոր դեսպաններ ունի Թուրքմենստանում, Կուբայում, Բոլիվիայում, Կոլումբիայում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 26-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ դեսպաններ նշանակելու մասին։

Սարգսյանի հրամանագրով,  ԱԳՆ քարտուղարության խորհրդական Բորիս Ռուբենի Սահակյանին  շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Մեկ այլ հրամանագրով, Ռուբեն Խարազյանը  նշանակվել  է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշխաբադ):

ՀՀ նախագահի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել  է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա):

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել  է Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա):