Հայաստան պետության կենսունակության գրավականը «վերադարձն է» դեպի Մերձավոր Արևելք՝ իր բնական կենսատարած․ Գեղամյան

Հայաստան պետության կենսունակության գրավականը «վերադարձն է» դեպի Մերձավոր Արևելք՝ իր բնական կենսատարածք, որտեղ տեղի ունեցող գործընթացները Հայաստանի ու հայության վրա ազդող առաջնային գործոններն են, որքան էլ Հայաստանում դա չնկատեն ու չհասկանան։

Մերձավոր Արևելքի մեծ մասը կազմում են իսլամադավան պետությունները, որոնք, որքան էլ տարօրինակ հնչի շատերի համար, ունեն Հայաստանի ու հայերի հանդեպ ընդգծված դրական վերաբերմունք։ Արտաքին աշխարհում դրական ընկալում ստեղծելու համար պետությունները ծախսում են միլիոնավոր դոլարներ, որովհետև դա է այն միջավայրը, որտեղ կնքվում են պայմանագրեր, տեղի ունենում բանակցություններ և այլն (օրինակ՝ Ադրբեջանը վերջին 20 տարում այս հարցում գրանցել է լուրջ հաջողություններ)։ Այսօր էլ մեր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներ կարելի է գտնել մեր հանդեպ դրական տրամադրված արաբական ու իսլամական աշխարհում։ Միակ հարցը հետևյալն է. արդյոք Հայաստան պետությունը կարող է կապիտալիզացնել այդ դրական վերաբերմունքը և ուղղել մարտահրավերների դիմակայմանը։ Բնականաբար, ներկայիս դե ֆակտո իշխանությունը կարող չէ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք։ Ուստի մեր՝ արևելագետներիս ջանքերն ուղղված են լինելու հայ-արաբական/իսլամական կապերի խորացմանը։

Այս ուղղությամբ հատկապես առաջիկա 3-4 օրերին ինտենսիվ աշխատանք ենք կատարելու գործընկերներիս հետ, որի մասին վաղվանից կպատմեմ։

 

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից։