Ինչո՞ւ էր ՊՆ-ն հաղորդագրություն տարածել, թե զինծառայողները հրազենային թեթև վիրավորում են ստացել

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառյող Արման Աթեսյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Վնասվել է հաստ աղիքը, բարակ աղիքը, հեռացվել է ձախ երիկամը: 8 ժամ վիրահատությունից հետո առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ»,- այս մասին 1lurer.am-ին ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

Արդեն Երևանում կատարվել են մի շարք հետազոտություններ՝ ռազմաբժշկական վարչության պետի ու կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավարի գլխավորությամբ: Նրանք խոսել են նաև զինծառայողի հարազատների հետ՝ ասել, վիճակը ծանր է, բայց կայուն: Բժիշկները հուսով են՝ առաջիկա օրերին Արման Աթեսյանի առողջական վիճակը կբարելավվի: Փոխհրաձգության հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Նավոյանի և Յուրիկ Օհանյանի առողջական վիճակը լավ է:

Գնդապետ Օհանյանի խոսքով՝ երկու զինծառայողների վիճակը թեթև է, գնդակային վիրավորումներ են եղել ստորին վերջույթների, համապատասխան բժշկական օգնությունը ցուցաբերվել է, հուսով են՝ կարճ ժամանակ հետո շարք կվերադառնան:

Իսկ ինչո՞ւ էր ՊՆ-ն հաղորդագրություն տարածել, թե ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով զինծառայողները հրազենային թեթև վիրավորում են ստացել, երբ մեկը ծայրահեղ ծանր է, գնդապետ Օհանյանը պարզաբանեց․

«Այդ գնահատականը տրվել է վիրավորում ստանալուց շատ կարճ ժամանակ հետո: Իրականում յուրաքանչուր վիրավորումը, եթե կենսամահի չի բերում, նախատեսում է, որ վիրավորում ստացած զինծառայողն ադեկվատ է լինում, հարցերին պատասխանում է, հնարավորություն է տվել այդպես գնահատել: Երբ տեղափոխվել են Գեղարքունիքի հոսպիտալ, մասնագետներն ուսումնասիրել են և վիրահատության ընթացքում տեսել են, որ վիճակը ծանր է»: