Մենք վաղը նավթ չենք վաճառելու, այլ գաղափարներ, տեխնոլոգիական հաջողություններ. Արմեն Սարգսյան

Սպորտը լավագույն ձևերից մեկն է աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու համար։ Տոկիոյում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Կարծում եմ՝ մեր մարզիկները կարիք ունեն ավելի մեծ ուշադրության։ Անկախ նրանից աշխարհի չեմպիոն են, թե մեդալակիր։ Օլիմպիական խաղերին միայն մասնակցելն ինքնին արդեն հսկայական հաջողություն է։ Պատկերացրեք՝ գործ ունենք երիտասարդ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը ներդնում են նպատակի հասնելու համար»,-նշեց Արմեն Սարգսյանը։

Նախագահն ընդգծեց, որ դպրոցից սկսած սպորտին, մարմնամարզությանը պետք է մեծ ուշադրություն դարձնել։

«Հպարտությամբ տարբեր մայրաքաղաքներում հանդիպուների ժամանակ ասում էի, որ Հայաստանում շախմատ սովորեցնում են դպրոցից»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նախագահը նշեց, որ Տոկիոյում երեկ հանդիպել է կայսեր հետ, բավական հետաքրքիր զրույց է ունեցել։ Այսօր հանդիպում է ունեցել նաև վարչապետի հետ, որի ժամանակ առնվազն 5 ծրագրի մասին խոսեցինք, որոնք կապված են ճապոնական արդյունաբերության ներդրումների մասին։

«Ճապոնիան աշխարհի առաջատար երկրներից մեկն է, և կարծում եմ՝ իրենց հետ համագործակցությունը մեծ արժեք ունի։ Հանդիպելու եմ նաև ճապոնական առաջատար ընկերությունների հետ։ Մեր պետության ապագան մարդկային ռեսուրսի ճիշտ օգտագործման մեջ է, այսինքն մեր ապագան գիտությունն ու նոր տեխնոլոգիաներն են։ Մենք վաղը նավթ չենք վաճառելու, այլ գաղափարներ, մտքեր, տեխնոլոգիական հաջողություններ, ինչի համար պետք է աշխարհի լավագույններից այսօր սովորենք»,-ասաց նախագահը։