Ֆրանսիան իսկապե՞ս կակտիվանա

Նկատենք անչափ հետաքրքիր մի օրինաչափություն. սեպտեմբերի 27-ի պատերազմից առաջ ու ավելի վաղ բավականին ակտիվ էր ՌԴ դեսպան գոսպոդին Կոպիրկինը։ Երկու տարի առաջ նա Ջերմուկում էր, ինչը փոքր-ինչ տարակույս պատճառեց ձորում նրան հանդիպելը, որովհետև քիչ ես օտարերկրյա դեսպանների այնտեղ «ֆռֆռալիս» տեսնում… Ի դեպ. Սև լիճը հենց Ջերմուկի գլխին է… ինչևէ… Հիմա նույնական ակտիվության մեջ է խիստ նրբագեղ՝ յուր իմպրեսիոնիզմով աչքի ընկնող… Ջոնաթանը՝ Լաքոտ… ահագին հետաքրքիր մաներայով, Հայաստանը նաև հոգևոր բարձունքներից ընկալող ֆրանսիական բրենդը համադրեց հայոց բրենդի հետ, ինչը կարծես ստացվում է… Կարելի էր շատ ուղիղ, իր իսկ ոճով հարցնել՝ Ջոնաթան Լիվինգսթոն ճայ… կբերի՞ իր զորքը Հայաստան-Արցախ Ֆղանսը՝ յուր Մակրոնով. արբանյակային կապով, ու այդպես շարունակ, թե ուրիշին սպասենք՝ քուղերը կապելու համար… Բայց դա արդեն սյուր կլինի անչափ, իսկ Դալի՝ Սալվադոր, մենք չենք սիրում, որովհետև ահավոր դիվային է… ու չենք հարցնի… Պարզապես պետք է քաղաքականալ ու Շառլ Միշելի տված միլիարդները հաշվելուց հետո հասկանալ՝ ինչու։ Ինչո՞ւ է գալիս Մակրոնը. տարածաշրջանայի՞ն է այցը, ԵԱՀԿ ՄԽ-ը կկենդանանա՞ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, բացի բլյա-բլյայից, ուրիշ ի՞նչ… «Ֆղանս» խաղաղապահներ՝ կգա՞ն… ի՞նչ կլինի ի վերջո, որովհետև կոնկրետություն չկա, բացի բառերից, խոստումներից։ Անցնելով էլ առաջ՝ հիշենք, որ նրբագեղ Ֆղանսն իր օրերում առանց ՄԱԿ ԱԽ թույլտվության ԵՄ պասաժով՝ «իր մեջ ուժ գտավ» ռմբակոծել Իրաքը, հետո պարզվեց, որ ինչի համար ռմբակոծվեց Իրաքը, նման՝ զանգվածային ոչնչացման զենք, Իրաքում չկար։ Այո…

Այսպիսով, ինչ է կատարվում Ռուսաստան-Արևմուտք տանդեմում։ Ռուսաստանին մի կողմից ձեռնտու է ԵԱՀԿ ՄԽ քուջուջը, որը վերջնական տեսք չի ստանում, բայց իր խաղաղապահների ստատուս-քվոն է լեգիտիմացնում։ Պրոցեսը, ինչպես երևում է՝ երկար կտևի։ Չնայած Ռուսիային արդեն իսկ անհանգստացնում են Կոնդի կատուների թեմայից արբանյակներին, տնտեսական լուրջ ներդրումներին, Ղարաբաղի կարգավիճակի տորպեդահարմանն անցած դեսպան Լաքոտի քաղաքական հայտարարությունները։ Ասել ենք՝ շատ բան կվճռվի Պետդումայի ընտրություններից հետո։ Նկատենք նաև. ՀՀ-ում ձևավորվում է «ա լ ա թավիշ»՝ կառավարություն. ԱԳՆ-ում կնստի, թույլ տվեք ասել, մի ԱԽՔ՝ անհասկանալի ծագմամբ և անցյալով՝ «Թրանսփարենսիում» հղկված անձ։ ԳՌՈՒԻ-ի գեներալ Վաղարշակ Հարությունյանին կփոխարինի շարքային գեներալ… Հետաքրքիր է «step by step» այս ազատականացմանը Ռուսաստանի վերաբերմունքը… թե՞ սա էլ է մտնում պայմանավորվածությունների շրջանակների մեջ։ Ով՝ ինչպես։ Պետք է սպասել… Հընթացս հիշեցնելով Ֆղանս դեսպանի այս օրերին հնչած անչափ կարևոր միտքը. «Մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե, պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն»։ Հավելմամբ. «Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության»… Դու ասացիր, Լաքոտ… Մեր պարտքն է հարցնել՝ ե՞րբ, ինչպե՞ս… ինչո՞ւ, հանուն ո՞ւմ։

Կարմեն Դավթյան