ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Հս. Կիպրոսում Էրդողանի հայտարարությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արված հայտարարությունները, որոնք խախտում են ԱԽ մի քանի բանաձևեր, գրում է Greece City Times-ը։

«Անվտանգության խորհուրդը դատապարտում է Կիպրոսում տեղի թուրք և Թուրքիայի առաջնորդների հնչեցրած հայտարարությունները», – ասվում է հայտարարության մեջ, որն արվել է ԱԽ խորհրդի բոլոր անդամ պետությունների՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի կողմից։ Դիվանագետները նշել են, որ հայտարարությունը պաշտոնապես պետք է ընդունվի օրվա ընթացքում։

«Անվտանգության խորհուրդը իր խոր ափսոսանքն է հայտնում այդ միակողմանի գործողությունների կապակցությամբ, որոնք հակասում են իր նախկին բանաձևերին և հայտարարություններին», – ասված է հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարության մեջ նշել է, որ վերոնշյալ հայտարարությունը հունական և կիպրական «սև քարոզչության» հետևանք է և շեշտել, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (չճանաչված) իշխանությունների կողմից ընդունված բոլոր որոշումները «հիմնված են սեփականության իրավունքի վրա և լիովին համապատասխանում են միջազգային իրավունքին»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը հայտարարել էին Կիպրոսի գրավյալ տարածքում գտնվող Ֆամագուստա քաղաքի մի մասի վերաբացման մասին։ Թաթարը նշել էր, որ քաղաքի տարածքի 3,5 տոկոսում կվերացվի ռազմական կարգավիճակն ու այն քաղաքացիական կարգավիճակ կստանա։ Հայտարարությունը հնչել էր Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ընթացքում, որը կայացել էր Կիպրոս թուրքական ներխուժման 47-ամյակի առթիվ։