Աֆղանստանին սպառնում է վերադարձ հին դաժան բարքերին

Աֆղանստանի թալիբների հսկողության տակ գտնվող տարածքներում վերականգնվում են իսլամական դաժան բարքերը, որոնք հաստատվել էին 1996 թվականին նրանց իշխանության գալով: Դրանցից առաջին հերթին տուժում են կանայք՝ գրում է greekcitytimes-ը:

Իգական սեռի ներկայացուցիչները դարձյալ չպետք է դուրս գան տնից առանց տղամարդու ուղեկցության, ոտքից գլուխ պետք է ծածկված լինեն փարանջայով: Աղջիկներին արգելվում է դպրոց գնալ, կանանց՝ աշխատել:

Որոշ թալիբներ պահանջում են կնության տալ 15 տարեկանից բարձր աղջիկներին: Մի մասն էլ պարտադրում է, որ աղջիկներն ու կանայք հեռուստացույց չդիտեն կամ բջջային հեռախոս չօգտագործեն:

Ըստ լուրերի՝ երկրի հյուսիսարևմտյան Ֆարյաբ նահանգում իսլամիստ գրոհայինները գիշերը հրկիզել են աղջիկների դպրոցը, կրակել են նաև այն մարդկանց վրա, որոնք փորձել են մարել հրդեհը:

Նոր օրենքներից մասամբ տուժում են նաև տղամարդիկ: Արական սեռի ներկայացուցիչներից թալիբները պահանջում են չսափրվել և մորուքը չկարճացնել, վարսավիրանոցները փակվում են այն շրջաններում, որտեղ թալիբներն են ղեկավարում:

Արգելվում է երաժշտությունը, ռադիոն հաղորդում է միայն իսլամի քարոզչություն և ներկա կառավարության քննադատություն: Ստեղծվում են կրոնական վայրեր, որտեղ պատժվելու են օրինախախտները:

Ըստ Աֆղանստանում ԱՄՆ դեսպանի, երբ անցյալ տարվա սկզբին թալիբանները Դոհայում բանակցում էին Միացյալ Նահանգների հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, նրանք խոստացել էին փոխել իրենց քաղաքականությունը և չհետևել հետադիմական իսլամական սկզբունքներին:

Մինչդեռ ամերիկացիների դուրս գալուց հետո թալիբները ոչ միայն ուժով են վերահսկում ավելի ու ավելի շատ տարածքներ, այլև չեն հետևում իրենց խոստումներին, ամենուրեք տարածում են վախի զգացում: