Սիրիան և Ռուսաստանը ահաբեկչության մասին կրկին խոսում են այնպես, ինչպես Իրանը՝ 2014-ին

Արցախի Հանրապետության հետ տեղի ունեցած և այժմ Հայաստանում տեղի ունեցող աղետի պատճառով մենք ստիպված ենք հաճախ անդրադառնալ Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում և այս երկրի շուրջ ստեղծված իրավիճակին: 2021 թվականի հուլիսի 20-ի մի շարք իրադարձություններ և հայտարարություններ ենթադրում են, որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը նոր «խաղ» են սկսում Սիրիայում: Եվ հնարավոր է՝ նոր «խաղը» կապված լինի Աֆղանստանում և այս երկրի շուրջ ընթացող ռազմավարական փոփոխությունների հետ: Որքան էլ տարօրինակ թվա, Սիրիայում նոր «խաղը» խթանում է Իրանը:

Հուլիսի 20-ին, օրը ցերեկով, Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի 2-րդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը Վալդայի միջազգային ակումբում առցանց քննարկման ժամանակ հայտարարել է. «Ռուսաստանը տիրապետում է ԱՄՆ-ի՝ Աֆղանստանում «Իսլամական Պետության» (ԻՊ) հետ համագործակցության փաստերի»: Մոսկվան երկար ժամանակ «լռում էր» այս ահաբեկչական խմբավորման հետ ԱՄՆ-ի կապերի մասին, և ահա Ռուսաստանի ԱԳՆ-ը ուղղակիորեն մեղադրում է ԱՄՆ-ին՝ ԻՊ-ի հետ ոչ միայն «կապերի», այլև համագործակցության մեջ: Դժվար չէ հասկանալ, որ պարոն Քաբուլովը փաստորեն վերադառնում է 2016-19 թթ. Իրանի պաշտոնական հայտարարություններին, որոնցում Թեհրանը մեղադրում էր ԱՄՆ-ին և Թուրքիային, որ Սիրիայում պարտություն կրելով՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման նախաձեռնողներն ու ստեղծողները կազմակերպել են կենդանի մնացած ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից և Իրաքից Աֆղանստան: Եվ սա այն պատճառներից մեկն է, թե ինչու ենք մենք հավատում, որ Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր «խաղի» սկիզբը եկել է Իրանից: Այստեղ կա նաև այդպիսի մի նրբություն: Անցած տարվա հունիսից ամերիկյան ԶԼՄ-ները, և դրանցից հետո եվրոպական որոշ լրատվամիջոցներ փորձում էին աջակցել «The New York Times»-ի «Թալիբանի հետ ռուսական հատուկ ծառայությունների համագործակցության մասին» քարոզչական լցոնմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այս հրապարակումը լկտի սուտ է անվանել, իսկ ՌԴ ԱԳՆ-ը այն որակել է որպես դիտավորյալ կեղծ տեղեկատվություն պարունակող: Ավելի ուշ ինսինուացիաները բազմիցս հերքվել են ինչպես Պենտագոնի ներկայացուցիչների, այնպես էլ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Արդյունքում, Սպիտակ տան աշխատողների աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը ստիպված էր հատուկ հայտարարել, որ «իրականում այդ տեղեկատվությունը հիմք չունի»:

Եթե հավատալ Սպիտակ տանը, ԱՄՆ հետախուզական համայնքը քիչ թե շատ վստահ է, որ «Ռուսաստանի հետախուզության սպաները փորձում էին մղել թալիբներին հարձակվել ամերիկյան զորախմբի և կոալիցիայի անձնակազմի դեմ 2019-ին: Այնպես որ, Զ. Քաբուլովի մեկնաբանությունը կարող է ընկալվել նաև որպես Ռուսաստանի «պատասխան» Բայդենի վարչակազմի կողմից սկսված՝ «Թալիբանի» հետ Մոսկվայի կապի վերաբերյալ «նորացված» մեղադրանքներին:

Կարող է, բայց  չպետք է այդպես ընկալվի: Քանի որ  Զ. Քաբուլովի հայտարարությունից (ԱՄՆ-ի և ԻՊ ահաբեկիչների կապի մասին) մի քանի ժամ անց, Սիրիայի կառավարությունը նույնպես «արթնացել է»: Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը, հուլիսի 20-ին Սիրիայի ԱԳՆ-ը մեղադրել է Իսրայելին՝ ահաբեկիչներին աջակցելու մեջ, որոնք շարունակում են պայքարել սիրիական կանոնավոր բանակի և կամավոր աշխարհազորայինների դեմ: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Իսրայելից հրթիռների արձակումը տեղի է ունեցել Իլլիբ նահանգում տեղակայված «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման կողմից Հալեպ նահանգում և Համայի հյուսիսում հրթիռակոծություններին զուգահեռ: Դե իսկ «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորումը (որը վերջին տարիներին արևմտյան մամուլում անվանում էին «Ջաբհաթ Ֆաթհ ​​աշ-Շամ» և «Հայաթ Թահրիր աշ-Շամ») աջակցություն է վայելում ԱՄՆ-ից, Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից: Երկար ժամանակ Դամասկոսը Իսրայելին ուղղակիորեն չէր մեղադրում ահաբեկիչներին աջակցելու մեջ: Եվ ահա՝ Զ. Քաբուլովի մեղադրանքից գրեթե անմիջապես հետո, թե ԱՄՆ-ը համագործակցում է ԻՊ-ի ահաբեկիչների հետ, Սիրիան «հիշում է», որ Իսրայելը «խաղում է» ահաբեկիչների հետ:

Այս հայտարարությունների ավելի խոր վերլուծության կարիք չկա. պարզապես հիշեցնենք, որ 7 տարի առաջ՝ 2014-ի հուլիսին Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն-Ամիր Աբդոլահիյանը ուղղակիորեն մեղադրում էր ԱՄՆ և Իսրայելի հատուկ ծառայություններին՝ ԻՊ խմբավորում ստեղծելու և Իրաքի դեմ ահաբեկչական ագրեսիա հրահրելու մեջ: Սիրիայի կառավարության վրա Իրանի ազդեցությունը հայտնի է: Հիմա աշխարհը համոզված է, որ Ռուսաստանը նույնպես զերծ չէ Իրանի նկատմամբ ստանձնած պարտավորություններից

Սերգեյ Շաքարյանց