Աճել են լրագրողների նկատմամբ բռնություններն ու ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները․ Աշոտ Մելիքյան

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եռամսյակը մեկ զեկույցներ է պատրաստում և այս տարվա երկրորդ եռամսյակն իսկապես շատ բարդ, լարված ժամանակաշրջան էր լրատվամիջոցների ու լրագրողների համար ու դա պայմանավորված էր և հետպատերազմյան, հասարակական-քաղաքական խորը ճգնաժամով, դրան հաջորդած նախընտրական գործընթացներով, բուն ընտրություններով։ Այդ ամենը մեծ ազդեցություն թողեց նաև լրագրողների ու ԶԼՄ-ների գործունեության վրա։ Նման լարված իրավիճակներում, կարծես թե, ավելի ցայտուն են երևում այն  խնդիրները, որոնք գոյություն ունեն ինֆորմացիոն դաշտում առհասարակ»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2021թ․-ի երկրորդ եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի ու լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Աշոտ Մելիքյանի խոսքով, այս իրավիճակում ավելի ցայտուն երևաց ԶԼՄ-ների այն բևեռացումը, տարբեր քաղաքական, բիզնես շրջանակների ծառայելը։

«Դա ակնհայտ էր լրատվամիջոցների ճնշող մեծամասնության կողմից։ Այդուհանդերձ քաղաքական ուժերի  այդ բևեռացվածությունը նաև քաղաքական պրոցեսների պատճառով, տեղափոխվեց նաև հասարակություն ու ամեն քաղաքական ուժի համակիր իր պարտքն էր համարում անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել այլ ճամբարի հետ ասոցացվող լրատվամիջոցի, լրատվամիջոցի ներկայացուցչի հանդեպ»,- նշեց Աշոտ Մելիքյանը, հավելելով, ար այդ անհանդուրժողականությունն էլ շատ ցայտյուն երևաց, ինչը լուրջ խոչընդոտ էր լրագրողական գործունեության համար։

Այս ծանր պայմաններում, բանախոսի խոսքերով, հենց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը արձանագրվել է 4 դեպք, երբ խոչընդոտվում էր լրագրողի աշխատանքը։ Նախընտրական շրջանում արձանագրվել է բռնության երկու դեպք, տարատեսակ այլ ճնշումների 5 փաստ։ Երկրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է 20 դեպք, երբ ճնշվել է լրագրողի կամ օպերատորի գործունեությունը։

«Նախորդ եռամսյակի հետ համեմատած՝ այստեղ աճն ակնհայտ է․ նախորդ եռամսյակում նման դեպքերն ընդամենը 8 էր, այս եռամսյակում՝ 20»,-ասաց Աշոտ Մելիքյանը, հավելելով, որ  լրագրողական կազմակերպություններն արձագանքում էին միջադեպերին։

Ընդհանուր առմամբ, երկրորդ եռամսյակում արձանագրվել է բռնության 8 ֆիզիկանան դեպք՝ 9 տուժողով, վերջին 6 ամիսներին՝ 15 դեպք՝ 17 տուժողով։ Ավելի քան երկու անգամ ավելացել են լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները՝ առաջին եռամսյակում 20, երկրորդում՝ 43: Տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքնեի խախտումները նույն մակարդակի վրա են մնացել՝ 15, 6 ամսում՝ 30:

«Երեքից երկու կատեգորիաներում եղել է խախտումների աճ»,-ասաց Աշոտ Մելիքյանը։