Ռուս խաղաղապահներն ապահովել են քաղաքացիական տրանսպորտի անվտանգությունը ԼՂ լեռնային ճանապարհներին

Ռուս խաղաղապահներն իրագործել են ծանր տրանսպորտային միջոցների շարասյունները լեռնային ճանապարհներով դեպի Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի հեռավոր բնակավայրեր ուղեկցելու խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը:

Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները խուզարկել են վարորդներին և տրանսպորտային միջոցները և Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, ինչպես նաև Շուշի-Կարմիր շուկա և հակառակ ուղղությամբ շինանյութերով և սննդամթերքով բարձված վեց ավտոշարասյուն ուղեկցել բարդ ոլորուն ուղիներով:

Դիտարկման կետերի պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահները նաև ապահովել են մեքենաների անվտանգ տեղաշարժը:

Մարտունու շրջանի հեռավոր գյուղերում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներական խմբերի կողմից տարածքի ականազերծումից հետո աշխատանքներ են տարվում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու և բնակչության բնականոն կյանքի պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Դիտարկման 27 կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Մեկ օրվա ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 3 հա տարածք, ստուգվել է Մարտունու շրջանի 3 շենք: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2201,5 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1900 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթուցիկ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։