ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը ճանաչողական այցով Տավուշի մարզում էր

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին։

Ողջունելով դեսպանին՝ մարզպետի տեղակալը ներկայացրել է Տավուշի մարզն իր զարգացման ուղղություններով ու հնարավորություններով։ Նշվել է, որ անտառածածկ տարածքներն ու պատմամշակութային հարուստ ժառանգությունը լավ հնարավորություն են մարզում տուրիզմը զարգացնելու համար։ Որպես մարզի զարգացման հիմնական ուղղություն՝ նշվել է նաև գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ խաղողագործությունը, պտղաբուծությունն ու անասնապահությունը։

Դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա Միացյալ Թագավորությանը՝ աջակցելու մարզի զարգացմանը։

Հանդիպման արդյունքում, որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ, առանձնացվել են հիմնականում գյուղատնտեսության, կրթության և տուրիզմի ոլորտները, անդրադարձ է եղել նաև աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին և սահմանային անվտանգությանը։